«Հայտնի է, որ մեր երկրները օրենսդրական բարեփոխումները, մասնավորապես դատաիրավական օրենսդրությունը, իրականացնում են եվրոպական իրավական խորհրդատվությամբ: Ի՞նչ փորձագիտական առաջարկներ են եղել և ինչ միջազգային արձագանքներ կան այս փոփոխություններին» «Առավոտի» հարցին ի պատասխան՝ Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանն ասել է. «Ընթացիկ տարվա հունվարին Ջաննի Բուքիքիոն Վրաստան կատարած այցի ընթացքում հիմնականում դրական է արտահայտվել Արդարադատության Խորհրդի անդամների ընտրության կարգի առաջարկված փոփոխությունների վերաբերյալ, բացի գործող անդամների լիազորությունների դադարեցման հարցից, գնահատելով այն «որպես օրենքի գերակայության խախտում, այն առումով, որ Խորհրդի գործող անդամների լիազորությունների ժամկետները չպետք է դադարեցվեն, մինչ այդ ժամկետների` բնական ճանապարհով լրանալը»:
Վենետիկի հանձնաժողովը տվել է նաև պաշտոնական եզրակացության այս փոփոխությունների վերաբերյալ: Հանձնաժողովը մասնավորապես, համարում է, որ փոփոխություններն ընդհանուր առմամբ Վրաստանի «Ընդհանուր դատարանների մասին» օրենքը մոտեցնում են Եվրոպական չափանիշներին և առաջխաղացում են ապահովում Արդարադատության Բարձրագույն Խորհրդի անկախացման ուղղությամբ: Սակայն որոշ առաջարկներ վիճելի են, այդ թվում և այն դիրքորոշումը, որով նախատեսվում է Արդարադատության Բարձրագույն Խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցում: Վենետիկի հանձնաժողովը խորհուրդ է տալիս մասնակիորեն թարմացնել Խորհուրդը: Հանձնաժողովը ողջունում է ակադեմիական շրջանակների, ոչ կառավարական կազմակերպությունների և Վրաստանի փաստաբանների ասոցիացիայի ներկայացուցիչներին Խորհրդում 6 տեղ հատկացնելու նախաձեռնությունը, բայց առաջարկում է ստեղծել պայմաններ, որպեսզի ընդդիմությունը ևս կարողանա ազդել այս 6 տեղի համար թեկնածուների ընտրությանը: Այս նպատակով, հանձնաժողովն առաջարկում է Խորհրդարանում թեկնածուներին հաստատել ոչ թե խորհրդարանական մեծամասնությամբ, այլ ձայների 2/3-ով, կամ որևէ այլ համարժեք մեթոդով:
Վենետիկի հանձնաժողովը ողջունում է նաև Գերագույն դատարանի նախագահին թեկնածուների ներկայացման բացառիկ իրավունքից զրկելու և դատարանների ընդհանուր ժողովի գաղտնի քվեարկության մասին առաջարկները:
Դատարանների նախագահների, նրանց տեղակալների, ինչպես նաև պալատների և կոլեգիաների նախագահների` Արդարադատության խորհրդում ընտրվելու արգելքի առնչությամբ Հանձնաժողովը բացասական կարծիք է հայտնել: Ըստ Հանձնաժողովի, եթե Խորհուրդը որպես ամբողջություն պետք է ներկայացնի դատական իշխանությունը, ապա, սկզբունքորեն, սխալ է դատական համակարգի որևէ ներկայացուցչի զրկել նման հնարավորությունից: Սակայն, կարելի է, որպես այլընտրանքային տարբերակ ներդնել կանոն, համաձայն որի, Արդարադատության Խորհրդում ընտրվելու դեպքում դատարանի նախագահը պարտավոր կլինի լքել իր պաշտոնը:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերվում է Խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման պահանջին, Հանձնաժողովի եզրակացությունում ասվում է. «նույնիսկ այն դեպքում, եթե Արդարադատության Բարձրագույն Խորհրդի համալրման գործող կարգը թվում է անբավարար, Վենետիկի հանձնաժողովը խորհուրդ է տալիս, որպեսզի Խորհրդի անդամները ավարտեն իրենց մանդատները»: Հանձնաժողովն ընդգծում է, որ Արդարադատության Բարձրագույն Խորհրդի գլխավոր գործառույթը դատավորներին քաղաքական ազդեցությունից պաշտպանելն է և «այդ իսկ պատճառով, նպատակահարմար չէ թույլ տալ Արդարադատության բարձրագույն Խորհրդի կազմի ամբողջական նորացումը խորհրդարանական ընտրություններից հետո… Խորհրդարանը պետք է ձեռնպահ մնա այնպիսի միջոցներից, որոնք սպառնալիք կստեղծեն Արդարադատության Բարձրագույն Խորհուրդի ինստիտուցիոնալ անընդհատության համար: Խորհրդի անդամների պաշտոնից վաղաժամկետ ազատումը կստեղծի նախադեպ, որի արդյունքում ցանկացած նոր իշխանություն կամ նոր Խորհրդարան, որի հավանությանը չի արժանանա Խորհրդի համալրման կարգը կամ դրա կազմը, կկարողանա վաղաժամկետ դադարեցնել և փոփոխել այն նոր կազմով»:
Բացի արդարադատության խորհրդի բարեփոխումից՝ ի՞նչ այլ ինստիտուտներ են փոփոխվելու» հարցին էլ պատասխանեց. «Առաջարկված օրինագծով նախատեսվում է նաև մեղմել դատարանում ԶԼՄ-ների ներկայացուցիչների ներկայության արգելքները, որոնք մտցվել էին 2007 թվականին: Օրինագիծը նախատեսում է իրավունք ընձեռնել Վրաստանի հանրային հեռարձակողին նկարահանումներ իրականացնել դատարանի դահլիճներում, իսկ վերջինս այդ նյութերը կարող է տրամադրել այլ ԶԼՄ-ների: Եթե հանրային հեռարձակողը չօգտվի այդ իրավունքից, այդ պարագայում կոնկրետ դատական նիստին նա կփոխարինվի ընդհանուր հեռարձակման արտոնագիր ունեցող այլ հեռուստաընկերությամբ: Լրագրողներն իրավունք կունենան դահլիճում իրենց զբաղեցրած տեղից իրականացնել դատավարության ձայնագրություն` չխոչընդոտելով դատական նիստի ընթացքը: Օրինագիծը նախատեսում է վերացնել դատարանի բակում և միջանցքներում լրագրողների կողմից իրականացվող լուսանկարման և տեսաձայնագրության սահմանափակման արգելքը:
Միաժամանակ, օրինագիծը պարտավորեցնում է դատարարանին իրականացնել դատավարության տեսաձայնագրություն և փոխանցել դա դատավարության կողմերին, կամ ցանկացած երրորդ կողմի` անմիջապես նրանց պահանջից հետո: Բացառություն է սահմանված այն դեպքերի համար, երբ դատարանի որոշմամբ, նիստը հայտարարվում է մասնակի կամ ամբողջովին դռնփակ: Հիշեցնեմ, որ Հայաստանում նիստի ձայնագրառման և կողմերին տրամադրելու համակարգ ներդրվել է դեռևս տարիներ առաջ: Սակայն ինչ վերաբերվում է տեսաձայնագրությանը, դա բավականին վիճելի հարց է և միանշանակ չի գնահատվում փորձագետների կողմից: Բազմաթիվ զարգացած երկրների դատական գործունեությունը կանոնակարգող օրենքներով տեսաձայնագրության վրա սահմանվում է արգելք»:
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք վաղվա «Առավոտում»: