Այսօր Երեւանի պետական համալսարանի կենտրոնական համալսարանի գլխավոր մասնաշենքի մոտ սկսվել է դասադուլ-բողոքի ակցիան: Դասադուլավորները «Ապասերժիկացում» եւ օրենքների հաստատում կարգախոսներով շրջեցին բուհի մի քանի ֆակուլտետներով՝ կոչ անելով ուսանողներին միանալ իրենց: «Մենք այստեղ ենք եւս մեկ անգամ հիշեցնելու, որ չենք հանդուրժելու ոչ մի կեղծիք, առավել եւս՝ կեղծ նախագահին: Ողջունում ենք հայ ուսանողին, ով տեր է մեր երկրին, ով անվախ է ու ազատ, եւ ինքն է ընտրում իր երկրի նախագահին: Իշխանական լծակները չեն կարող լռեցնել մեզ»:
Փոքր միջադեպ տեղի ունեցավ կենսաբանական ֆակուլտետի շենքի առջեւ. կենսաբանական ֆակուլտետի ուսանողներից Տաթեւիկ Մաիլյանին չէին թողնում մտնել դասի, պնդելով, որ ինքը դասադուլավոր է: Բուհի ներկայացուցիչները, որոնք այդպես էլ չցանկացան ներկայանալ, երկար քաշքշուկից հետո նրան թողեցին ներս:
«Հայաստանի Հանրապետությունը պատկանում է մեզ, ոչ մի վախ, մենք ենք տերը մեր երկրի» հայտարարություններով դասադուլավորները հասան Երեւանի պետական տնտեսագիտական համալսարան: Այստեղ նրանք միջադեպ ունեցան համալսարանի ուսանողների հետ: Բուհի ուսանողները, որոնք մեծ մասամբ ուսխորհրդի անդամներ էին, դասադուլավորների պատմելով, թույլ չեն տվել ներս մտնել իրենց բուհի ուսանողներից մեկին, ով միացել էր դասադուլավորներին:
Դասադուլավորների դեմ պայքարող տնտեսագիտականի ուսանողները դասադուլավորներից մեկի գլխից քաշել-հանել են դրոշը եւ պահանջել հեռանալ: Փոխադարձ քաշքշուկը դադարեց ոստիկանների միջամտությունից հետո:
Կարդացեք նաև
Այս պահին դասադուլավորները գնում են դեպի Երեւանի պետական բժշկական համալսարան՝ «Մեր հայրենիք ազատ անկախ…» երգելով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ