Փակ սրահներում մասսայական տեսարանների, արարողությունների սիրահարները այսօր կարող են լինել Մարզահամերգային համալիրում, իսկ եթե ցանկություն կա բացօթյա գրեթե նույն արարողության ականատեսը լինելու, ապա, խնդրեմ, Ազատության հրապարակ. ճիշտ ժամը 12-ին հրապարակում ու համալիրում տեղի կունենան միեւնույն արարողությունները, ու այնպես չէ, որ համալիրում տեղի ունեցածն ուղիղ եթերով կցուցադրեն հրապարակում. հրապարակն ի՛ր երդումը պետք է տա, համալիրն` իր:
Բայց եւ այնպես այս երկուսից մեկը, ավելի ճիշտ` այս երկուսից մեկի հերոսը պետք է էլ «չլինի»:
Հրապարակում, ինչպես գիտենք, Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ որոշ ժամանակ առաջ հայտարարեց. «Սերժ Սարգսյանը կերդվի միայն իմ դիակի վրայով»… Ավելի ուշ Րաֆֆին Սերժ Սարգսյանին ուղղված իր հայտնի նամակներից մեկում ընդգծեց, որ ինքը կարող է եւ հանդուրժել Սերժ Սարգսյանի նախագահությունը, եթե որոշ գերատեսչությունների ղեկավարումը հանձարարվի ընդդիմությանըՙ ի դեմս ժողովրդի, իսկ ժողովուրդն էլ` ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի: Այս ամենից որոշ ժամանակ անց նույն Րաֆֆին, արդեն իր մարզային շրջագայությունների ժամանակ, հայտարարեց, թե «ապրիլի 9-ին Րաֆֆիից որեւէ բան չպահանջեք…», նախորդ ուրբաթ օրն էլ Րաֆֆին հայտարարեց, որ ապրիլի 9-ին, ուղիղ 12-ին, հավաքվելու են հրապարակում, երդվելու են, հետո միմյանց շնորհավորելու են, տոնելու են ժողովրդի հաղթանակը, ապա, ժամը երեկոյան 5-ին, «գնալու ենք իշխանությունը վերադարձնելու ժողովրդին»: Մի տեսակ անհասկանալի է. օրինակ այն, թե ինչպե՞ս կարող է Րաֆֆին «իշխանությունը վերադարձնել ժողովրդին», եթե նույն այդ ժողովուրդը «ապրիլի 9-ին Րաֆֆիից ոչինչ չպետք է պահանջի»: Կամ, եթե «իշխանությունը դեռ պետք է վերադարձվի ժողովրդին», ապա էլ ի՞նչ ժողովրդի հաղթանակ է տոնելու Րաֆֆին Ազատության հրապարակում, «համազգային երդումից մինչեւ երեկոյան ժամը 5-ը»:
Հրապարակը կարծես թե գնում է իր համար վնասակար ուղիով, երբ ամեն հաջորդ խոսք նախորդի տրամաբանական շարունակությունը չէ, երբ հստակ չէ ոչինչ, իսկ ինչն ամենասոսկալին է հրապարակի համարՙ հստակ չէ ոչինչ հրապարակում հավաքվող ու այդ հավաքույթներից լուրջ ակնկալիքներ, սպասումներ ունեցող ժողովրդի համար: Ստացվում է, որ ապրիլի 9-ին գուցե «նորաստեղծ շարժումը մահանա», եւ մենք ունենանք դիակ, ինչպես եւ խոստացվել էր, ի դեպ:
Կարդացեք նաև
Համալիրում պատկերը փոքր-ինչ այլ է: Նախ այնտեղ են լինելու Հայաստանի երեք նախագահներից երկուսը. երեկ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որ երկրորդ նախագահը մասնակցելու է Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը (Րաֆֆին կասեր` ուրեմն Քոչարյանը ժողովրդի հետ չէ): Այս փաստը, փաստորեն, երկրորդ պլան է մղում այն, թե կմասնակցի՞ արդյոք Սարգսյանի երդմնակալությանը Գագիկ Ծառուկյանն, օրինակ… Հիշեցնենք, նույն օրը, նույն ժամից համալիրում ԱԺ-ի հատուկ նիստ է գումարվելու, հետեւաբար այս նիստին պարտավոր են ներկա գտնվել ԱԺ-ի բոլոր խմբակցությունների բոլոր պատգամավորները, եթե, իհարկե, վերջիններս իրենց հավանական բացակայությունների համար հարգելի հիմնավորումներով հանդես չգան: Մինչդեռ ՀԱԿ խմբակցությունը, հայտնի է, որ ամբողջ կազմով չի լինելու համալիրում, ՀՅԴ-ն` նույնպես, «Ժառանգությունը» «ժողովորդի հետ է», ՕԵԿ-ն էլ` ՀՀԿ-ի: Այսինքնՙ միակ ինտրիգը` մասնակիցների առումով, ԲՀԿ-ն է, չնայած, կրկնենք, Քոչարյանը լինելու է համալիրում: Ու չնայած համալիրում, ի թիվս այլ օտարերկրացի բարձրաստիճան հյուրերի, լինելու է նաեւ հատուկ Սերժ Սարգսյանի երդմնակալության համար Երեւան ժամանած ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլա Բորդյուժան, այնտեղ գտնվողների անվտանգությունը ինչ-որ առումով կախված է լինելու հրապարակում եղածների խելամտությունից, եթե Րաֆֆին ցանկանում է պարզապես այլընտրանքային նախագահ դառնալ, եւ սա նկատի ունի «իշխանությունը վերադարձնել ժողովրդին» ասելով, այլ հարց է (ի դեպ, այդ ո՞ր դարաշրջանում է իշխանությունը պատկանել ժողովրդին, որ հիմա էլ վերադարձնում են-Հ. Ա.), իսկ եթե Րաֆֆին նկատի ունի այն, ինչը նկատի են ունենում բոլոր նրանք, ովքեր հրապարակում, հրապարակին ասում են, թե` «իշխանությունը վերադարձնելու ենք ժողովրդին», ապա գուցե այսօրվա զոհը դառնա համալիրը:
Երկու պարագայում էլ «դիակ» լինելու է… Աշոտ Մանուչարյանն ասում է` «ապրիլի 9-ին Հայաստանում կլինի դիակ` ժողովրդավարության դիակը»… Պարզապես, եթե ժողովրդավարությունը շարժումն է, ու եթե ապրիլի 9-ին այս շարժումը մահանում է, դա չի նշանակում, որ այլ շարժումներ չեն լինելու, հետեւաբար, խոսքը բոլորովին այլ տեսակի «դիակ»-ի մասին է:
Հովիկ ԱՖՅԱՆ
«Ազգ»