Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը կմասնակցի Ս. Սարգսյանի երդմնակալությանը

Ապրիլ 09,2013 10:34

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը:

– Պարոն Գրիգորյան, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը մասնակցել-չմասնակցելու որոշում չի կայացրել: Կոնկրետ Դուք ի՞նչ եք անելու, մասնակցելո՞ւ եք, թե՞ ոչ:

– Մենք ազատ ենք, և կուսակցությունը որոշում չի կայացրել, որ մենք նիստին չպետք է մասնակցենք: Ինչ-որ բոյկոտելու խնդիր մեր առջև դրված չէ: Այս դեպքում ամեն մի պատգամավոր, բնականաբար, իր հարմարությանն է նայում:

– Դուք անձամբ մասնակցելո՞ւ եք:

– Մասնակցելու-չմասնակցելու համար ես վաղը կկողմնորոշվեմ:

– Ե՞րբ եք կողմնորոշվելու, հաշված ժամեր են մնացել այդ արարողությանը:

– Երբ եք ուզում, որ կողմնորոշվեմ:

– Կուզենայի, որ հիմա պատասխանեիք:

– Հիմա՞: Քո խաթեր կողմնորոշվեցի՝ վաղը մասնակցելու եմ:

– ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, թե եթե ինչ-որ մեկը փորձի նեղացնել կամ վիրավորել ԲՀԿ-ականի, ապա ինքը դա դիտարկելու է որպես իր դեմ ուղղված վիրավորանք, և վիրավորողն «իր հետ է գործ ունենալու»: Ինչո՞ւ է Ծառուկյանը նման հայտարարություն արել, նախընտրական շրջանում ինչ-որ քաղաքական լարվածությո՞ւն կա ԲՀԿ-ի դեմ:

– Լարվածության խնդիր չկա, Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ ղեկավարն է, և անկախ ընտրություններից, անկախ քաղաքական իրադարձությունների ընթացքից` եթե իր թիմակիցներից մեկին նեղացնում են, անհիմն վիրավորում են, բնականաբար նա՝ որպես կուսակցության առաջնորդ, պետք է կանգնի իր թիմակցի կողքին: Ես որևէ արտառոց բան չեմ տեսնում, որ կուսակցության առաջնորդն իր թիմակցին պաշտպանի, եթե նրան անհիմն նեղում կամ ճնշում են:

– Իսկ նման միտո՞ւմ կա:

– Ես չեմ կարող ասել, եթե կուսակցության առաջնորդն այդ հայտարարությունն արել է, ավելի ճիշտ կլինի մամուլի խոսնակից ճշտել: Բայց եթե նման բան կա, պարոն Ծառուկյանն իր խոսքը ասել է, որի հետ ես լիովին  համամիտ եմ:

– Իսկ ձեզ երբևէ վիրավորե՞լ են որևէ կուսակցությունից:

– Բացարձակ: Ես որևէ մեկին թույլ էլ չեմ տա:

– Իսկ նկատե՞լ եք, որ ԲՀԿ-ի` Ձեր որևէ գործընկերոջ վիրավորեն:

– Ես չեմ նկատել:

– Այսինքն` Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն անհի՞մն է:

– Ուրեմն` պարոն Ծառուկյանի այդ հայտարարության հետ ես լիովին համամիտ եմ: Իսկ եթե նա նման հայտարարություն արել է, ուրեմն մի բան գիտի: Եթե եղել է` եղել է, իսկ եթե չի եղել` ուղղակի զգուշացնում է, որ չանեն:

– Այսինքն` նախապես մա՞տ է թափ տալիս:

– Այո (ժպտում է):

– Գագիկ Ծառուկյանի այդ հայտարարությունը կարծես թե Հանրապետական կուսակցությանն է ուղղված, հատկապես, որ Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված ԲՀԿ-ի ու այդ կուսակցության միջև  լարվածություն կա:

– Բայց ինչո՞ւ եք զարմանում, որ լարվածություն կա: Դա մրցակցություն է: Այս պահի դրությամբ գոնե Հանրապետական-«Բարգավաճ Հայաստան» խոշոր կուսակցություններն իրար հետ մրցում են: Բնականաբար, չի կարող լարվածություն չլինել: Հատկապես այն պարագայում, երբ ԲՀԿ-ն հայտարարում է, որ պայքարին շատ լուրջ է տրամադրված, ու ամեն ինչ  անելու է, որ նորմալ, թափանցիկ ընտրություններ լինեն:

– Իսկ միգուցե այդ երկու կուսակցությունների մեջ եղած հակասությո՞ւնն է խորացել:

– Ինչի՞ հետ կապված:

– ԲՀԿ-ն ցանկանում է, որ վարչապետի պաշտոնում նշանակվի իր համար ցանկալի մարդ:

– ԲՀԿ-ն այդ մասին հայտարարե՞լ է: ԲՀԿ պատգամավորներն այս տարիների ընթացքում ինչ-որ հարցեր, որ բարձրաձայնել են, առկա խնդիրների մասին են խոսել, ու դրանց վերաբերյալ բազմիցս գնահատականներ տրվել են: Հիմա, եթե այդ գնահատականները Ձեր որոշմամբ վերագրում եք վարչապետին կամ ինչ-որ նախարարների… Մենք տարիների ընթացքում մեր ասելիքն ասել ենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930