«Մայրաքաղաքի դեմքը միայն որոշակիորեն բարեկարգ Աբովյան-Թումանյան փողոցները չեն, այլ Երեւանը` իր բոլոր փողոցներով, պողոտաներով, նրբանցքներով, ծայրամասային թաղամասերով, որոնք եվս պետք է բարեկարգ ու գրավիչ լինեն այստեղ ապրող Երեւանցու համար»: Այս ընդգծումով է սկսվում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության` Երեւանի ավագանու ընտրությունների ծրագիրը, որը բաղկացած է 18 էջից:
Ծրագրի առաջին դրույթը նվիրված է մայրաքաղաքի քաղաքաշինությանն ու ճարտարապետությանը: Վեց կետով ներկայացված են ԲՀԿ-ականների պատկերացումներն այդ առիթով, որոնք նախատեսում են մայրաքաղաքի հանրային կանաչ տարածքներում բացառել հիմնական շինությունների կառուցումը, գլխավոր հատակագծի պահանջների անվերապահ կատարումը, որեւէ շեղման հնարավորության բացառումը, կառուցապատման համար անհրաժեշտ փաստաթղթային ընթացակարգի դյուրինացում: Խոսք կա նաեւ գետնանցումների մասին, որոնք վերջերս խորհրդարանական մի հայտարարության ժամանակ ԲՀԿ խմբակցության քարտուղարը անվանել էր «միզահոտ»:
Ուշագրավ է, որ կոալիցիա եղած շրջանում ԲՀԿ-ն տնօրինում էր քաղաքաշինության նախարարի պորտֆելը, սակայն, ոչ մայրաքաղաքի, ոչ էլ հանրապետության քաղաքաշինական խնդիրներն այդ ժամանակ ԲՀԿ-ի համար արդիական չէին: Համենայնդեպս, հրապարակային չէր խոսվում այդ մասին:
ԲՀԿ-ն խոստանում է զբաղվել բնակֆոնդի թարմացման հարցերով` իրենց բուն գործունեությանը բերելով համատիրությունների ինստիտուտը: ԲՀԿ-ի ուշադրության տիրույթից դուրս չեն մնալու տրանսպորտի, լուսավորության, կանաչապատման, ջրամատակարարման, հանրակրթության եւ առողջապահական ոլորտները: Առողջապահության մասով շեշտը դրված է առաջնային բուժօգնության որակյալ եւ մատչելի լինելու վրա: Մի բան, որ ԲՀԿ-ական երկարամայա առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի օրոք կարծես այդքան էլ չէր կարեւորվում:
Կարդացեք նաև
Ինչեւէ, կուսակցությունում վստահ են, որ իրենց ծրագիրը կենսունակ եւ միանգամայն իրականանալի է:
ԲՀԿ-ի նախընտրական ծրագրի մանրամասները :
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
՞