Լրահոս
Օրվա լրահոսը

Ահա և ապրիլի 9-ը

Ապրիլ 09,2013 10:17

Նախագահական ընտրություններից հետո ապրիլի 9-ի սպասումը հասարակական շրջանակներում աստիճանաբար ձեռք բերեց ավելի ու ավելի ինտրիգային բնույթ, և ահա այսօր սպասումն ավարտվում է, և բոլորը ուշի-ուշով հետևելու են, թե ինչ է տեղի ունենալու ապրիլի 9-ին: Ոմանք կհետևեն Ազատության հրապարակում` փորձելով իրենց աչքերով տեսնել այն, ինչ կատարվելու է, ոմանք կհետևեն տանը, աշխատավայրում, ինտերնետով, իսկ շատերն էլ` իշխանության միջանցքներից մի աչքը Սերժ Սարգսյանի երդմանը, մյուս աչքը` փողոցին:

Իրականում, սակայն, այս ամենի մեջ երևի թե կա որոշակի չափազանցվածության տարր, այսինքն` ապրիլի 9-ը գերագնահատված մի աստիճան է դարձել, որը սակայն կարող է հակառակ էֆեկտ ունենալ և առիթ դառնալ հիասթափության: Բանն այն է, որ հստակ չեն սպասումները, հստակ չէ, թե ով ինչ է սպասում, և ընդհանրապես ինչ է սպասվում: Սպասվում է երդմնակալություն Ազատության հրապարակում, բայց հետո՞, ուրիշ և այդ կարգի այլ հարցադրումներ մնում են անպատասխան:

Րաֆֆի Հովհաննիսյանը խոստացել է հանդես գալ ծրագրային ելույթով, ինչը նշանակում է, որ նա հասարակությանը որոշակի հետագա գործողություններ է առաջարկելու, սակայն միևնույն ժամանակ, որևէ բան ակնարկված չէ: Մյուս կողմից` բոլորին հայտնի է Հովհաննիսյանի անկանխատեսելի բնավորությունն ու գործելաոճը, ինչը նշանակում է, որ նա կարող է հրապարակին անել բավականին անակնկալ առաջարկներ` թե հասարակության, թե իշխանությունների համար անակնկալ:

Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ բախումը զարգացման անցանկալի սցենար է, որովհետև բախումն ավելի շատ կարող է սպառնալ ոչ թե իշխանությանը, այլ հասարակությանը, շարժմանը՝ օբյեկտիվ մի շարք իրողություններից ելնելով: Եվ այս տեսանկյունից, իհարկե, Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է որ շահագրգռված չլինի բախումնային զարգացումներով: Միևնույն ժամանակ, սա պետք է հասկանալի լինի նաև բոլոր նրանց համար, ովքեր հավաքվում են հրապարակում, և առավել ևս նրանց համար, ովքեր հավակնում են լինել ժողովրդական շարժման առաջատար խմբեր:

Ի վերջո, առաջնորդության համար կարևոր բաղադրիչն այսօր իրավիճակը լիարժեք գնահատելն է, ոչ թե հասարակությանը չափազանցված սպասումներով, ոգևորության ալիքի վրա վարակելը և հետո արդեն այդ վարակի գերին դառնալը:

Այդ տեսանկյունից, ապրիլի 9-ը պետք է լինի մեկնարկ, ոչ թե մի օր, երբ ամեն ինչ կամ կվճռվի, կամ չի վճռվի: Պետք է լինի մեկնարկ, որը կարող է վատ կամ լավ լինել, բայց որը հնարավորություն է պահպանում վատ լինելու դեպքում շտկել հետագա ընթացքում, սխալներն ուղղելու և լրացնելու հնարավորություն է պահպանում:

Եվ շատ կարևոր է, որ հրապարակում հավաքվածները գան հենց այդ գիտակցությամբ, այսինքն` ոչ թե կամ հիմա, կամ երբեք, այլ գան պարզապես ժամանակի մեջ շարժման տեսլականի ականատես լինելու և իրենց որոշումը կայացնելու համար՝ մա՞ս են կազմում այդ շարժմանը, թե՞ ոչ:

 Մուսա Միքայելյան

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930