Լրահոս
Օրվա լրահոսը

Որտեղ է լինելու Րաֆֆիի նստավայրը

Ապրիլ 09,2013 10:16

Հետաքրքիր երդմնակալություն է սպասվում ապրիլի 9-ին։ Երկու «նախագահների» ընտրության փաստն էլ ապացուցված չէ։ Երկուսն էլ պարզ չէ, թե երդվելիս ում են ներկայացնում։ Երկուսն էլ Աստված գիտի, թե ինչից են խոսում, երբ խոսում են։ Մի խոսքով՝ առաջին անգամ ընդդիմությունն ունենում է ՀՀ նախագահ, բայց պարզ չէ, թե ինչքանով է նա ժողովրդինը։

Ընդհանրապես Րաֆֆի Հովհաննիսյանը և Սերժ Սարգսյանը շատ բանով են իրար նման։ Ավելի դժվար է առանձնացնել նրանց տարբերությունները, քան ընդհանրությունները։ Երկուսն էլ ունեն Հայաստանի մի «տեսլական», որը Սերժ Սարգսյանի կողմնակիցների համար տեսանելի է միայն ազատ և պատասխանատու հեռուստաընկերություններով, իսկ Րաֆֆիի կողմնակիցների համար՝ միայն իրենց առաջնորդի բերանով։ Երկուսն էլ վստահ են, որ երկրի խայտառակ իրավիճակից կարելի է դուրս գալ ժողովրդի հետ միասին։ Առաջինին «ժողովուրդ» եզրույթը պետք է ընտրությունները կեղծելու համար, ընդ որում՝ կարևոր չէ, թե ում համար է կեղծվում՝ գյուղապետի, համայնքապետի, Երևանի ավագանու, Ազգային ժողովի, թե նախագահի ընտրությունների, երկրորդին՝ հացադուլների մասին հայտարարությունները «կերցնելու» համար։ Երկուսն էլ քաղաքական պայքար հասկացությունից բացառել են ժողովրդին։ Երկուսն էլ անկեղծ չեն ընդհանրապես։

Հասկանալու համար, թե ինչ իրավիճակի հետ է գործ ունենալու ժողովուրդը ապրիլի 9-ին, պետք է փորձենք «խուրդել», թե ինչ է երդմնակալությունը։ Դա ընտրյալ լինելու ծիսական արձանագրումն է։ Այսինքն, երբ թագավորը, կաթողիկոսը, նախագահը, դատավորը, պատգամավորը երդվում են հավատարիմ մնալ, ասենք՝ իրավական երկրի ավանդույթներին, հոգևոր ձեռքբերումներին, դիմագրավել նոր մարտահրավերներին և այլն, նրանք արդեն փակած են լինում ոչ լեգիտիմության ցանկացած դուռ։ Չկա մեկը, ով կասկածի է ենթարկում երդվյալի ինքնիրավչությունը։ Երդմնակալությունը նախորդ և նոր իշխանության ջրբաժանն է, որովհետև ինչ-որ մի բան պիտի տեղի ունենա, որպեսզի հինն իր տեղը զիջի նորին։ «Երդմնակալության» տեսակ է, օրինակ, այն իրավիճակը, երբ պաշտոնանկ է արվում մի նախարար, և նորին վարչապետը կամ նախագահը տվյալ նախարարության աշխատակազմին ներկայացնում են հնի մասնակցությամբ կամ առանց նրա, եթե նա պաշտոնանկ է արվել ակնհայտ թերացումների համար։

Մեր դեպքում իրավիճակն այնպիսին է, որ երկու «նախագահներն» էլ չեն ընդունում միմյանց օրինականությունը։ Զուտ ծիսական առումով էլ պարզ չէ, թե ում երդմնակալությունն է առավել օրինական, որովհետև, դիցուք, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երկու անգամ էլ երդվել է ժողովրդի ներկայությամբ, ինչպես դա ապրիլի 9-ին փորձում է անել Րաֆֆի Հովհաննիսյանը։ Մինչդեռ 1996-ից մինչև այսօր ոչ մի նախագահ չի երդվել ժողովրդի ներկայությամբ, այլ միայն «ընտրյալների»։ Հետևաբար՝ դժվար է ասել, թե լեգիտիմության առումով ինչպես է կոչվելու ապրիլի 9-ի արարողությունը Րաֆֆի Հովհաննիսյանի և Սերժ Սարգսյանի համար։

Ըստ իս՝ ծիսական առումով համեմատաբար օրինական կարող է կոչվել Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալությունը, քանի որ Հայաստանում, ժողովրդից բացի, ուրիշ լեգիտիմ մարմին գոյություն չունի։ Լեգիտիմ կարող էր համարվել խորհրդարանը, որի հատուկ նիստում էլ Սերժ Սարգսյանը երկրորդ անգամ հռչակվելու է նախագահ։ Սակայն հայտնի է, որ խորհրդարանի լեգիտիմությունը նույնպես աչք չի ծակում այնտեղ Սահմանադրության պահանջներին հակառակ հանրապետական օլիգարխիայի ցցուն՝ ներկայության պատճառով։

Լեգիտիմությամբ չեն փայլում նույնիսկ ԿԸՀ-ն և ՍԴ-ն, քանի որ դեռևս անկախ Հայաստանի պատմության մեջ չի եղել դեպք, երբ ակնհայտ վիճահարույց ընտրությունները գոնե կիսով չափ վիճելի համարեն այս մարմինները։ Հետևաբար՝ միակ լեգիտիմ մարմինը մնում է ժողովուրդը, որը Սահմանադրությամբ իրավունք ունի ձևավորել այս կամ այն իշխանությունը։ Այսպիսով, չնայած այդպես էլ պարզ չէ, թե ով է ընտրվել հանրապետության նախագահ, քանի դեռ ընտրությունները միայն օգնում են թեժ պահել հետընտրական կրքերը, լեգիտիմության առումով համեմատաբար օրինական կարող է համարվել Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալությունը։ Հարցն այն է, թե երդմնակալությունից հետո որտեղ է լինելու նրա նստավայրը։

«Օրակարգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930