Ըստ Անահիտ Իսկանդարյանի՝ փաստաբանն ամեն ինչ անում է հանցագործությունը թաքցնելու համար:
Ինչպես տեղեկացրեցինք քիչ առաջ, ՀՀ Փաստաբանների պալատի նախագահը դիմել է դատախազություն`պահանջելով քրեական գործ հարուցել Վարդան Ղուկասյանի կողմնակիցների նկատմամբ, ովքեր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սպառնալիքներ էին հնչեցրել փաստաբան Լուսինե Սահակյանի հասցեին:
Վերջինս պաշտպանում է Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանի շահերը:
Կարդացեք նաև
Սպառնալիքներ հնչեցնելու առիթը, ըստ փաստաբանի, եղել էր մտավոր հետամնաց Հակոբ Կարապետյանին որպես վկա դատարան հրավիրելը ու Վարդան Ղուկասյանի կողմնակիցների կողմից նրա վրա ճնշումներ գործադրելը, ահաբեկելը:
Սպանված Կարեն Եսայանի մայրը` Անահիտ Իսկանդարյանը , Aravot.am-ին փոխանցեց. «Այդ տղան ընդամենը կաղ է, բայց նա շատ լավ է տեսնում ու ընկալում երևույթներն ու իրադարձությունները: Ես չեմ հասկանում, որտեղի ՞ց են գնացել այդ թուղթը սարքել, թե նա մտավոր հետամնաց է, նա օժանդակ դպրոց ընդամենը մեկ տարի է հաճախել: Այդ կաղ տղան շատ կարևոր վկա է, նա է Հարությունի հետ միասին կանգնեցրել Կարենիս մեքենան, որից հետո Հարությունը մոտեցել է Կարենին ու 10 րոպե հետո Կարենս սպանված է եղել: Վկան նախաքննական ցուցմունքում պատմել է այս ամենը: Իսկ հիմա Լուսինե Սահակյանը ուզում է թաքցնել հանցագործությունը, դուրս հանել այս վկային: Բայց ո՞վ ես դու, ընկեր փաստաբան, ինչո՞ւ ես քեզ նման իրավունք վերապահում, ինչո՞ւ ես դատարանը ծիծաղի սենյակ դարձրել, դատի սկզբից մինչև վերջ ծիծաղում ես, ո՞ւմ վրա ես ծիծաղում: Այդ փաստաբանը չի թողնում, որ իմ շահերի պաշտպանները խոսեն, շանտաժի է ենթարկում, խեղաթյուրում է փաստերը: Ամբաստանյալի քեռին ո՞վ է, որ փորձի անձնական վիրավորանքներ հասցնել իմ փաստաբանին: Ես շատ վիրավորված եմ, ես դիմելու եմ դատախազություն՝ փաստաբան Լուսինե Սահակյանի վարքագծի դեմ, բողոք-նամակ եմ գրելու նաև Փաստաբանների պալատին, դա պահվա՞ծք է, դատը շոու է սարքել: Փաստաբան է, իր փողը վերցրել է, թող գործի իրեն վերապված օրենքի սահմանում ու չփորձի անհասկացողի տեղ դնել դիմացինին: Որևէ սպառնալիք չի եղել այդ կնոջ հասցեին, թող ապացուցի, որ իրեն սպառնացել են: Ես էլ դրսում կանգնած էի, երբ եղավ կաղ վկան, որին ես տեսել էի տեսաժապավենում, ես էլ, տղայիս ընկերներն էլ ասացին` ինչը ճիշտ է, դու էն խոսի: Թող Լուսինե Սահակյանը չփորձի շանտաժի ենթարկել: Մարդասպանը պատասխան պիտի տա, եղեռնը գցել են իմ տուն, իմ աչքի լույսն են հանել, իմ կյանքի իմաստն են խլել, հիմա էլ եկել կարևոր վկայի՞ն է փախցնում: Բացարձակ չի թողնում իմ մարդիկ խոսեն, շառ ու շանտաժի ենթարկելով ուզում է դատը այլ ուղղությամբ տանել: Ամեն անգամ ինձ ասում է՝ ձեր վիշտն եմ հարգում, բայց ինքն ո՞վ է, որ իմ վիշտը հասկանա: Մտքով չանցնի այդ կնոջ, որ կարող է ինձ հավասարակշռությունից հանել ու դատը այլ ուղղությամբ տանել, իր ուզածը հենց դա է , բայց մեկ է, ով ձեռք է բարձրացրել իմ անմեղ տղայի վրա, թող իմանա, որ անմեղների արյունը երբեք չի սրբվում , 7 պորտով անիծված է լինելու, ով ուզում է լինի մարդասպանը, աշխարհ, երկիր կավերեմ, պատասխան է տալու»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ