Շահումյանի անվան հանքավայրի տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքների ընթացքում խախտված հողերի եւ շրջակա միջավայրին հասցված վնասների որպես փոխհատուցում՝ Կապան քաղաքում եւ տարածաշրջանի Աճանան գյուղական համայնքում «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերությունը նախատեսում է ընդհանուր 21.6 հա տարածքի վրա անտառվերականգնման աշխատանքներ իրականացնել: Նախագծի վերաբերյալ հանրային քննարկում էր կազմակերպվել Կապանի քաղաքապետարանում, որտեղ նախագծի պատվիրատուները՝ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերության եւ «Կանաչ դիզայն» ՍՊԸ ներկայացուցիչները, ինչպես նաեւ նախագծի հեղինակը, մանրամասն ներկայացրեցին իրականացվելիք ծրագիրը: Նախատեսված 21.6 հա տարածքի վրա կտնկվի 48 հազար 800 հատ ծառ: Կապանում ծառատնկման աշխատանքները նախատեսված են իրականացնել 12, 7 հա տարածքի վրա՝ Հունան Ավետիսյան փողոցի հարավային լանջերին, իսկ մոտ 9 հա՝ Աճանան գյուղի տարածքում, որտեղ կտկվեն վրացական կաղնի, հունական ընկուզենի, կովկասյան տանձենի, արեւելյան խնձորենի, հացենի, կովկասյան փռշնի, դրախտածառ եւ այլն: Ընտրված են այնպիսի ծառատեսակներ, որոնք բնորոշ են տարածաշրջանին, երաշտադիմացկուն են եւ ակնկալվում է 60 տոկոս կպչողականություն: Կապան քաղաքին նայող հարավային լանջերը մի շերտով անտառապատելը ոչ միայն աչքին շոյող կլինի ու քաղաքին գեղեցիկ տեսք կտա, այլեւ կլուծի քաղաքի համար խիստ անհրաժեշտ դարձած կարեւոր խնդիրներ:
«Հորդառատ անձրեւների ժամանակ հողերը անձրեւաջրերի հետ խառնվելով ամբողջովին լցվում են սելավատարները, փողոցն են աղտոտում, իսկ արեւ ժամանակ փոշու է վերածվում եւ տրանսպորտային երթեւեկությունից աղտոտվում է օդը: Բացի այդ, արեւոտ օրերին հարավային լանջերը արեգակի ջերմությունից շիկանում են եւ երեկոյան հովին անդրադարձնում քաղաքի վրա, ուստի երեկոները Կապանում տաք են լինում: Անտառապատման աշխատանքների իրականացման պայմաններում կկարգավորվի ջրի հոսքը, կվերանա հողերի էրոզիան, կստեղծվի բարենպաստ միկրոկլիմա մեր քաղաքի համար», – ասաց նախագծի հեղինակ, փորձառու բնապահպան, «Խուստուփ» բնապահպանական հ/կ նախագահ Վլադիկ Մարտիրոսյանը եւ հավելեց, որ դեռեւս Խորհրդային Միության տարիներին Կապան քաղաքի շրջակայքում «Կանաչ գոտի» ստեղծելու ծրագիր է եղել, բայց այդ աշխատանքները կիսատ են մնացել, եւ կարեւոր համարեց, որ մեկնարկելիք այս ծրագիրը շարունակական լինի ու քաղաքի շրջակայքում «Կանաչ գոտի» ստեղծելու այդ ծրագիրն իրականություն դառնա, քանի որ Կապան քաղաքը մաքուր օդի ու թթվածնի մեծ պաշարի կարիք ունի հիմա:
Աճանան գյուղական համայնքում իրականացվելիք կանաչապատման ծրագիրը մասնագետները կարեւոր են համարում գյուղի համար, քանի որ այն գտնվում է ռիսկային գոտում՝ պոչամբարի հարեւանությամբ: Այստեղ տնկվելու են պտղատու եւ տեխնիկական ծառատեսակներ: «Աճանանի տնկարքներն հիմնականում հանդիսանալու են օդը մաքրող անտառ, պաշտպանիչ գոտի է լինելու եւ միաժամանակ հողի էրոզիա հարց է լուծելու: Շատ լավ կլինի, որ մյուս հատվածն էլ՝ Քաջարանի կոմբինատի պոչամբարի եւ դեպի գյուղ ընկած տարածքում նույնպես պաշտպանիչ անտառաշերտ ստեղծվի, քամիների ժամանակ պոչամբարից ամբողջ փոշին դեպի գյուղ է գալիս, տհաճ հոտը կպաշտպանի, փոշին չի գա…», – նշեց Աճանանի գյուղապետ Վաչե Ավետիսյանը եւ ողջունեց ներկայացված նախագիծը:
Կարդացեք նաև
«Դինո գոլդ մայնինգ քամփնի»-ի բնապահպանության բաժնի պետ Վահե Վարդանյանի խոսքով՝ ծրագիրը երկարաժամկետ է լինելու եւ տեւելու է մինչեւ 2020թ.-ը, իսկ ծրագիրը երկարաժամկետ կտրվածքով իրականացնելու նպատակը վերջնական արդյունք ունենալն է: Ամենայն հավանականությամբ ծրագիրը կմեկնարկի աշնանը, այժմ սպասում են բնապահպանության նախարարության համապատասխան եզրակացությանը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ