Լրահոս
Օրվա լրահոսը

«Шпрот»-ի ստվերն ու Շաբոյանի պատասխանը՝ Արծվիկ Մինասյանին (Տեսանյութ)

Ապրիլ 08,2013 21:04

«Ձկան պահածո, թեյ, ապակե տարա. այս ապրանքների համար Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 40-50 ընկերություն է նշել, 50-ն էլ ներկրող, արտադրող չկա, բայց ես գիտեմ, որ տեղական արտադրողներ կան, սա կարող է նշանակել, որ հանձնաժողովը պաշտոնապես ընդունում է ստվերը»,- ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր ԱԺ-ում այսպիսի հարց բարձրացրեց:

Aravot.am-ը հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանից հետաքրքրվեց՝ համաձա՞յն է Արծվիկ Մինասյանի գնահատականի հետ, որ հնարավոր չի թեյ, ապակե տարա արտադրող չունենանք եւ այդտեղ ստվեր կա: Նա պատասխանեց. «Արծվիկ Մինասյանը ամբողջ մեր այդ ցանցից այնպիսի շուկաներ վերցրեց, որ այդ շուկաներով բնականաբար ավելի քիչ է հավանական, որ կարող են լինել արտադրող ընկերություններ: Նույն ապակիների շուկան. ..մենք հանրապետությունում չունենք ապակու արտադրության համար անհրաժեշտ հումքի բազա, հետեւաբար ապակին որպես այդպիսին պետք է ներկրվի կամ հումքը ներկրվի, տեղում արտադրվի: Ձկան պահածոների հետ կապված էլ գիտեք, հիմնականում ձկան արտադրության մեջ մասնագիտացել են ծով, օվկիանոս ունեցող երկրները եւ էլի մի քանի այդպիսի շուկաներ նշվեցին»:

Արտակ Շաբոյանը Արծվիկ Մինասյանի մտահոգությունները ստվերի մասին այսպես փարատեց՝ ասելով, թե շատ շուկաներ ունենք, որտեղ բազմաթիվ տեղական արտադրողներ կան: Մասնավորապես նշեց հյութերի, երշիկեղենի, գինու եւ կոնյակի շուկաները. «Բազմաթիվ շուկաներում ունենք տեղական արտադրողներ: Ինչ վերաբերում է ձկան հարցին, ես էլ որոշակի տեղեկություններ ունեմ, որ ինչ-որ փոքր արտադրողներ կան, նոր սկսել են: Համենայնդեպս, այդ  տեղեկատվությունը, որ մենք ներկայացրել ենք, ուսումնասիրությունն իրականացրել ենք 2012-ին՝ 2011-ի տվյալների հիման վրա: Այսինքն այդ փոքր արտադրողները, որ հիմա սկսել են ի հայտ գալ՝ 1-2 փոքր արտադրողներ, ես վստահ չեմ, որ 2011-ին նրանք գործունեություն են իրականացրել»:

Մեր հարցին, թե ո՞ր շուկաներում կան լուրջ խնդիրներ, Արտակ Շաբոյանը նշեց, որ խոշոր պրոբլեմ բացահայտել են պետական գնումների ոլորտում. «Մի շարք ուսումնասիրութուններ ենք իրականացրել բուժհաստատություններում, սոցիալական մի շարք հիմնարկներում՝ ծերանոցներ, մանկատներ, մանկապարտեզներ: 134 բուժհաստատություն ենք անցած տարի ուսումնասիրել, մոտ 500 մանկապարտեզի գործությունեություն ենք իրականացրել, բոլոր ծերանոցների եւ մանկատների: Շատ, բազմաթիվ դեպքեր ենք բացահայտել, որտեղ կան                 պետական գնումների ոլորտում չարաշահումներ: Մոտ 100 բուժհաստատության գործեր ուղարկել ենք գլխավոր դատախազություն»:

Պարոն Շաբոյանը այսպես դեռ երկար կշարունակեր պատմել իր արած գործերի մասին, եթե նրան չմիջամտեր ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը եւ չհորդորեր, որ հարցազրույցն ավարտելուց հետո իրեն մոտենա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930