Քիչ առաջ Արաբկիր համայնքում ավարտվեց ՕԵԿ- ականների նախընտրական քարոզարշավի երկրորդ օրվա հանդիպումը:
Արաբկիրցիների հետ հանդիպմանը ներկա էին ՕԵԿ ավագանու ցուցակը գլխավորող արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը եւ ՕԵԿ շտաբի ղեկավար Խաչիկ Հարությունյանը:
Պարոն Շահինյանի խոսքերով, առաջիկա 28-30 օրերին փորձելու են ոչ միայն ներկայացնել իրենց նախընտրական ծրագիրը, այլեւ հիմնավորել՝ դրանք ինչպես են կյանքի կոչելու. «Իսկ ի՞նչ ենք մենք հիմա հիշում: Ինչքանո՞վ է քաղաքը դարձել բարեկեցիկ, հարմարավետ, ինչքանո՞վ է սպասարկման ոլորտը բարձրացրել ծառայությունների որակը: Ո՞ւր են այդ աշխատանքները: Ո՞վ պետք է կատարեր: Ո՞ւր են մեր ավագանիները: Ի դեպ, եթե այս դահլիճում հարցում կատարեք, 65-ից 5 ավագանու անդամ չեն կարող նշել»:
Պարոն Շահինյանի խոսքերով, ՕԵԿ ցուցակը գլխավորող թեկնածուն՝ Ա. Երիցյանը, լավ կազմակերպիչ է ու պահանջկոտ. «Չեն կարող այդ ապերոյական, տղայական, օլիգարխական, թաղային ինչ-որ ուժեր բերեն ու ներկայացնեն իրենց հաճելի ու հանձնարարությունները կատարող վայ չինովնիկներին»:
Կարդացեք նաև
Նա նաեւ դժգոհեց, որ վերջին շրջանում Երեւանում աճել է ապօրինի շինարարությունը. «Տեսնում ենք, թե ինչքան ապօրինի կառույցներ են ավելանում, երբ քաղաքային իշխանութունները հայտարարում են, թե դա ուղղակի արգեված է քաղաքում: Խնդրեմ, միայն Արաբկիրում ման եկեք եւ կենտրոնական փողոցներում տեսեք՝ ինչքան տեղեր են պարսպապատված եւ ներսում աշխատանքներ են կատարվում, որ չենք տեսնում եւ չգիտենք՝ ինչ են դառնալու: Այսօր մեր մայրաքաղաքին հարկավոր է տեր, ուժեղ անձնավորություն, մարդ, որը լիարժեքորեն տիրապետում է ՝ որտեղ ինչ խնդիրներ կան, ինչ է կատարվում քաղաքում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ