Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Ամենակարեւորը էն ա, որ մութ տարիներից պրծանք»

Ապրիլ 08,2013 20:38

 

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչները` ներքաղաքական իրավիճակի մասին:

 

Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչ Դերենիկ Աբրոյանը իր կամքով եկել էր Երեւանի գործող քաղաքապետ, քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Տարոն Մարգարյանի հետ հանդիպմանը, որպեսզի ուշադրությունը հրավիրեր այն փաստին, որ համայնքի այգիների մի մասում աղբամաններ չկան: Վարչական շրջանի ղեկավարին այդ հարցով քաղաքացին չի դիմել, իմացել է, որ Տարոն Մարգարյանը գալիս է, որոշել է նրան ասել այդ մասին, հիշեցնել, որ ֆուտբոլի դաշտը, որը պետք է կառուցվեր, այդպես էլ կիսատ մնաց: Մեկ էլ պատվիրել, որ «մեր առաջվա սիրուն քաղաքը, մեր Երեւանը լինի մեր քաղաքը»:

Նա գիտե, որ Տարոն Մարգարյանը իշխող ՀՀԿ-ի թեկնածուն է: Իշխող կուսակցությունից այդքան էլ գոհ չէ, բայց «Տարոն Մարգարյանից շատ գոհ եմ»: Նա գոհ է Տարոն Մարգարյանի աշխատասիրությունից. «Զգացել եմ, որ աշխատասեր է, քաղաքի մասին մտածում է ու որ մի նոր, սիրուն բան կատարվել ա, իրա ժամանակ ա կատարվել: Ինքը շատ աշխատասեր մարդ ա ու հուսով եմ, որ պետք ա ընտրվի»:
Տիկին Սվետան, Գայանեն եւ Սուսաննան էլ քաղաքապետին մեր միջոցով ցանկանում են հիշեցնել, որ համայնքի Բ2 թաղամասում գտնվող այգու հարակից տարածքում թենիսի կորտի կառուցման աշխատանքներն այդպես էլ անավարտ մնացին: Նաեւ` տրանսպորտի խնդիրն են կարեւորում: Ինչ մնում է մնացյալ հարցերին` ասում են. «Գիտենք, որ Տարոն Մարգարյանը ՀՀԿ-ի ներկայացուցիչ է ու մեզ շատ հոգեհարազատ, որովհետեւ մեր քաղաքի համար շատ բան է արել»: Հետաքրքրվեցինք` ՀՀԿ-ն է իրենց հոգեհարազատ, թե հենց Տարոն Մարգարյանը ու հիշեցրեցինք, որ երկում բազմաթիվ խնդիրներ կան: Ընդհատելով հարցը` տիկին Սուսաննան ասաց. «Ուզածդ երկրում էլ խնդիրներ կան, որ երկրի վրա էլ մատներդ դնեք` խնդիրները շատ են: Ամեն ինչը պրոբլեմ չսարքենք: Դզվում ա էլի երկիրը: Ամենակարեւորը էն ա, որ մութ տարիներից պրծանք: Իմ երեխան քաղցրակեր էր, ես էլ աշխատում էի, բայց ի վիճակի չէի մի հատ խմորեղեն թխել: Իսկ հիմա` բոլորի տներում էլ խմորեղենը կա»:

Մեր զրուցակիցները տեղյակ էին, որ Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում արդեն երկու ամիս է վիճարկում է ընտրությունների արդյունքները, որ պատրաստվում է այլընտրանքային երդմնակալության արարողություն անել, բայց չեն հետաքրքրվում, քանի որ. «Ինքը թիմ չունի: Տեսնում ենք թե իրա հետեւը կանգնածներն ովքեր են: Եթե թիմ ունենար` կհաղթեր: Համ էլ, արդեն հոգնել ենք…Լեւոնի ժամանակ էնքա~ն ենք գնացել, ձեռ բարձրացրել, իրան դրել պաշտոնի, որ հետո լույսս անջատի: Րաֆֆիի անձի մասին բան չունենք, բայց ամեն պատահածը, էս-էն նորից գան դառնան նախարար` երկիրը նորից կործանվի…չէ, չէ, չէ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Նորայր says:

    Հարգելի Նելլի ինչն է ձեզ ստիպում այսպիսի արհեստածին -ես կասեի զռացող, անիմաստ և խղճահարություն հարուցող նյութը ներկայացնել

    • Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ says:

      Հարգելի Նորայր, եթե Դուք գտնում եք,որ նյութը Ձեր պատկերացրած ածականներին է համապատասխանում, Ձեր իրավունքն է, բայց չեմ կարծում, որ Ձեր կարծիքից տարբերվող կարծիքները գոյության իրավունք չունեն:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930