ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը դեռևս չի որոշել, թե ինչ աշխատանքի է անցնելու առաջիկայում:
“Աշխատանքից դուրս առաջին օրս է դեռ, առայժմ հանգստանում եմ”,- News.shanttv-ի հետ զրույցում ասաց պրն Ամալյանը՝ չբացառելով, որ կարող է առաջիկայում զբաղվել իր հիմնական՝ ֆիզիկոսի մասնագիտությամբ։
Ի՞նչ հիշողություններ են ՀՌԱՀ-ի իր 12-ամյա գործունեությունից վառ մնալու, Գրիգոր Ամալյանն ասաց՝ հանձնաժողովի գործունեության, ըստ էության ճիշտ կազմակերպումը։ Ինչ վերաբերում է Ա1 Պլյուս հեռուստաընկերության՝ մրցույթների արդյունքում հեռարձակման կապուղուց զրկվելու, հետո նաև՝ այդպիսիք չստանալու գործընթացներին. «Բացառիկ դրական հիշողություններ։ Որովհետև հանձնաժողովը ցուցաբերել է բարձր սկզբունքայնություն և մրցույթների կազմակերպման ժամանակ տեղի չի տվել որևէ ճնշման »։
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի՝ այս հանձնաժողովում պաշտոնավարման ժամկետն ավարտվեց ապրիլի 7-ին։ Գրիգոր Ամալյանն արդեն երկու անգամ 6 տարի ժամկետով անդամակցել է հանձնաժողովին ( և նախագահել այն), իսկ օրենքը թույլ չի տալիս երրրորդ անգամ անընդմեջ անդամակցել այս մարմնին։
ՀՌԱՀ անդամների մի մասին նշանակում է երկրի նախագահը, մյուս մասին՝ Ազգային Ժողովը։ ՀՌԱՀ-ում թափուր տեղն առաջացել է ՀՀ նախագահի կողմից նշանակվող անդամի պաշտոնում, ուստի, այս տեղում նոր անդամի նշանակումը նույնպես նախագահի իրավասությունն է՝ հայտարարելիք մրցույթի արդյունքում։
Ուրբաթ օրը՝ ապրիլի 6-ին, Գրիգոր Ամալյանը պաշտոնական նամակ է հղել Հանրապետության նախագահին՝ տեղեկացնելով իր պաշտոնավարման ժամկետի ավարտի, և ՀՌԱՀ-ի անդամի պաշտոնը թափուր մնալու մասին։