Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Գրագողություն, ինքնագրաքննում, սերիալներ». հայկական մեդիան ըստ IREX-ի

Ապրիլ 08,2013 20:12

Azatutyun,am– Հայկական լրագրությունը մեծապես տուժում է ինտերնետային մեդիայի լայնամասշտաբ զարգացման հետեւանքով` դաշտը հեղեղած ոչ պրոֆեսիոնալ լրագրողների ու խմբագիրների գործունեությունից», – այսպես է նկարագրված մեր երկրի լրատվական ոլորտում տիրող կացությունը հումանիտար եւ կրթական ծրագրերով զբաղվող ամերիկյան IREX կազմակերպության ամենամյա զեկույցում:

«Լրատվամիջոցների կայունությունն աշխարհում 2013-ին» անվանումը կրող այս փաստաթղթի` մեր երկրին նվիրված գլխում փորձ է արվում ամփոփել հայկական մեդիա դաշտում արձանագրված հիմնական միտումները:

«Նախորդ տարվա համեմատությամբ, դիտարկված բոլոր չափորոշիչներով Հայաստանը որոշակի, թեեւ ոչ մեծ, սակայն առաջընթաց, այնուհանդերձ, արձանագրել է: Կարեւոր ձեռքբերումներ կան խոսքի ազատության, դրա իրացման հետ կապված, թեեւ, ասենք, զրպարտանքի ապաքրեականացումը կարճաժամկետ կտրվածքով առավելապես ոչ թե օգուտ, այլ վնաս բերեց լրատվական դաշտին», – նշում են զեկույցի հեղինակները:

Նրանք, սակայն, ընդգծում են, որ նախորդ տարվա համեմատ իրավիճակը փոքր-ինչ հանդարտվել է, իսկ 2012-ին լրատվամիջոցների դեմ ներկայացված հայցերի թիվը կրճատվել է:

Խոսելով լրագրողների գործունեությունը խոչընդոտելու դեպքերի մասին` զեկույցի հեղինակները ամփոփում են. – «2012-ին լրագրողների դեմ կատարված հանցագործությունները առավելապես կապված էին մայիսին տեղի ունեցած խորհրդարանական եւ դեկտեմբերին տեղի ունեցած լրացուցիչ ընտրությունների հետ»: Զեկույցի հեղինակները հիշատակում են, մասնավորապես, «Ազատություն» ռադիոկայանի աշխատակիցներ Էլինա Չիլինգարյանի դեմ մայիսի 6-ին եւ Իրինա Հովհաննիսյանի դեմ դեկտեմբեր 2-ին կատարված հարձակումները:

Նշենք նաեւ, որ հայաստանյան լրատվական դաշտում տիրող կացությունն առավել ամբողջական ներկայացնելու նպատակով զեկույցի հեղինակները զրուցել են մոտ մեկ տասնյակ փորձառու լրագրողների ու փորձագետների հետ, որոնց գնահատականներն էլ կազմում են IREX-ի պատրաստած փաստաթղթի հիմքը:

Այսպես, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանը, անդրադառնալով հայկական հեռուստաեթերում ընտրությունների լուսաբանմանը, նկատել է. – «2012 թվականի խորհրդարանական ընտրությունների լուսաբանումը` համեմատած դրան նախորդած ընտրությունների հետ, ավելի հավասարակշռված էր: Դա կառավարության որդեգրած քաղաքականության արդյունք է, որն այդպիսով որոշակորեն թուլացնում է առկա դժգոհություննները` թույլ չտալով, որպեսզի դրանք կուտակվեն եւ հանգեցնեն այնպիսի հանրային հուզումների, ինչպիսիք էին նախորդ [2008] նախագահական ընտրությունների ժամանակ տեղի ունեցածները»:

«Հետք»-ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը զեկույցի հեղինակներին ասել է. – «Լրագրողների համար գլխավոր եւ հիմնական պրոբլեմը տեղեկատվություն ստանալն է: Այս առումով, իմ կարծիքով, ամենաանդրդվելին Արդարադատության նախարարն է: Արդեն երեք տարի է, ինչ կալանավայրերը մեզ համար փակ են: Եվ եթե նախկինում գոնե որոշակի բացատրություններ կամ արդարացման խոսքեր էինք լսում, ապա այսօր մենք անգամ պատասխան չենք ստանում»:

Գյումրիի «Ցայգ» հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Մինասյանը արձանագրում է, որ այսօր քաղաքի վարչակազմը շատ ավելի արագորեն է արձագանքում տեղեկատվություն տրամադրելու պահանջներին. – «Պատճառը, սակայն, հետեւյալն է` այդ տեղեկատվությունը վերաբերում է նախկին քաղաքապետի գործունեությանը»:

Լրագրող Տիգրան Պասկեւիչյանի խոսքով` շատ հաճախ տեղեկատվություն ստանալու առաջին պահանջը արագորեն բավարարվում է. – «Բայց երբ դիմում ես հաջորդ քայլին` գրավոր պատասխան պահանջելով, բարեկամական հեռախոսազանգ ես ստանում` դեմ առ դեմ հանդիպման առաջարկով»:

Անդրադառնալով հայաստանյան լրատվամիջոցների մասնագիտական մակարդակին` IREX-ի փորձագետները նկատում են. – «Հայկական լրագրությունը մասամբ է համապատասխանում որակի մասնագիտական չափանիշներին: Որոշ լրատվամիջոցներ ի վիճակի են դա անել, մեծամասնությունը` ոչ»: «Լրագրությամբ զբաղվողներից շատերը ունակ են միայն ասուլիսներին մասնակցել` հետագայում վերծանելով այնտեղ կատարված ձայնագրությունները», – նշել է Էդիկ Բաղդասարյանը:

Լրագրողական դաշտում առկա մյուս լրջագույն խնդիրներն են ինքնագրաքննությունն ու գրագողությունը: Կան որոշակի թեմաներ, որոնցից խմբագիրները կարծես վախենում են: «Նրանք խուսափում ենք լուսաբանել դրանք` եթե համոզված չեն, թե ինչպիսի արձագանք կհետեւի իշխանության կողմից», – նշել է քաղաքագետ Էդգար Վարդանյանը:

Խոսելով լրատվական դաշտում շրջանառվող գումարների, մասնավորաբար, գովազդային շուկայի մասին` IREX-ի զեկույցի հեղինակները նկատում են. – «Չնայած ինտերնետ լրատվամիջոցների աճին` հեռարձակող լրատվամիջոցները շարունակում են մնալ ամենահարուստը: Շահույթի հիմնական աղբյուրներից մեկը գովազդն է: Այսպես կոչված փրայմ թայմում` օրվա ամենադիտվող ժամերին, հաղորդումների միջեւ ընդմիջումները կարող են կազմել ընդհուպ մինչեւ 30 րոպե, որոնցից 17 րոպեն հատկացվում է գովազդին», – հաշվարկել են զեկույցի հեղինակները` ենթադրելով նաեւ, որ հենց գովազդատուներին գրավելու նպատակով է, որ շատ հեռուստաալիքներում հասարակական-քաղաքական ծրագրերն իրենց տեղը զիջում են ժամանցայիններին:

«Մեր հեռուստաընկերությունը, օրինակ, լուրերի տեւողությունը 45-50 րոպեից ստիպված էր կրճատել` հասցնելով 25-30 րոպեի», – նշել է հարցված լրագրողներից «Շանթ»-ի մեկնաբանը Արտյոմ Երկանյանը:

Անդրադառնալով էլեկտրոնային լրատվամիջոցների դաշտում տիրող կացությանը` զեկույցի հեղինակները նշում են, որ հեռարձակվող լրատվամիջոցներից «Կենտրոն»-ը առնչություններ ունի «Բարգավաճ Հայաստան»-ի, իսկ «Երկիր Մեդիան»-ն` Դաշնակցության հետ: «Մնացած բոլոր հեռարձակողների սեփականատերերը կապ ունեն իշխող Հանրապետական կուսակցության հետ», – կարդում ենք զեկույցում:

Ինչ վերաբերում է հանրային լրատվամիջոցներին, ապա դրանց անկախության հնարավորությունները, զեկույցի հեղինակների կարծիքով, խիստ սահմանափակ են: «Հանրային հեռուստատեսությունը ընդդիմության գործողությունները, ցույցերը, ակտիվիստներին, սկսել է չեզոք լույսի ներքո լուսաբանել», – նշում են փորձագետները` այնուհանդերձ հանգելով բավական տխուր հետեւության. – «Քանի դեռ երկրի նախագահն է նշանակում Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հինգ անդամներին` անկախության հնարավորությունը գործնականում բացառված է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930