Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանը չփնովեց Գագիկ Բեգլարյանին եւ Կարեն Կարապետյանին (Տեսանյութ)

Ապրիլ 08,2013 19:19

Լեւոն Իգիթյանի ձոնը` գործող քաղաքապետին :

IMG_0611IMG_0614IMG_0615«Քաղաքի տնտեսության մեջ միշտ էլ խնդիրները շատ են, երեւի իմ ելույթի ժամանակ լսեցիք, որ դեռ կան բազում խնդիրներ: Նաեւ բնակիչների հետ շփվելով ես շատ խնդիրներ ի հայտ բերում: Ինձ համար էլ շատ ցանկալի ու հոգեհարազատ է, որ մեր համաքաղաքացիների հետ շփվեմ»,- այսօր Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական համայնքում լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն Երեւանի ավագանու ընտրություններում իր քարոզարշավի մեկնարկը սկսեց այսօր` Մալաթիա-Սեբաստիա համայնքից: Հանդիպումն այնքան էլ մարդաշատ չէր, ներկաներից մեծ մասը ՀՀԿ-անդամներ էին:

Տարոն Մարգարյանն իր ծառայողական մեքենայից իջավ եւ մինչ կհասներ նախօրոք պատրաստած բեմահարթակին, մեկ առ մեկ բարեւեց ճամփեզրին կանգնած իրեն դիմավորողներին, հետաքրքրվեց նրանց ողջությամբ: Նրան ուղեկցում էր վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանը:

Aravot.am-ի տեղեկություններով, համայնքի դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենները կոլեկտիվներին եւ ծնողներին խնդրել էին անպայման ներկա լինել գործող քաղաքապետի հետ հանդիպմանը:
Տարոն Մարգարյանը, ի պատասխան լրագրողների հարցերի, ասաց, որ բնակիչները հիմնականում բարձրացնում էին թաղամասին վերաբերվող խնդիրներ` շենքերի տանիքների հարցը, վերելակների, տրանսպորտի հետ կապված: Կային նաեւ մարդիկ, ովքեր անձնական խնդիրներով էին դիմել իրեն: Տարոն Մարգարյանը կարեւոր է համարում այն, որ երեւանցին ոչ միայն իր անձնական խնդիրն է բարձրացնում, այլ համայնքային նշանակության, քանի որ, դրանով, ըստ նրա, բնակիչը մասնակից է դառնում հենց այդ խնդիրների լուծմանը:

Տարոն Մարգարյանը համեմատության կարգով նշում է, որ ընդամենը 3-4 տարի առաջ Երեւանում 250 ավտոբուս կար, իսկ այսօր արդեն 650 ու հարց հնչեցնում. «Սա առաջընթաց չի՞ տրանսպորտի ոլորտում: Բայց դեռ բավարար չի թե’ մեզ համար, թե’ երեւանցիների»:
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց` ի՞ նչ ժառանգություն են թողել իրեն նախկին երկու քաղաքապետեր Գագիկ Բեգլարյանը եւ Կարեն Կարապետյանը: Տարոն Մարգարյանն ասաց. «Նախկին քաղաքապետերը մեր թիմակիցներն էին, եւ մենք միասին էինք ընտրություններին մասնակցում: Չորս տարի առաջ մենք միասին ենք մեր քաղաքացիների քվեն ստացել, վստահությունը ստացել: Փուլ առ փուլ, ամեն քաղաքապետ իր ժամանակաշրջանում, փորձել է այս չորս տարիների ընթացքում դեպի դրական աշխատանք կատարել` Երեւանի եւ երեւանցու համար»:

Մեկ այլ հարցի, որ անցկացված սոցիոլոգիական հարցումների հիման վրա իր շտաբի պետ Էդուարդ Շարմազանովն ասում է, թե Տարոն Մարգարյանը վերջին 20 տարիների լավագույն քաղաքապետն է, պատասխանեց. «Ասում է` իրեն էդ հարցը տվեք»:

Ի դեպ, քարոզարշավային իր ելույթում Երեւանի ավագանու ՀՀԿ-ական թեկնածու Լեւոն Իգիթյանն ի երկար ու բոցաշունչ ելույթում գրական-գեղարվեստական զեղումներով գովեց Տարոն Մարգարյանին, նրան համեմատեց խորհրդային տարիներին Երեւանի գործկոմի նախագահ Գրիգոր Հասրաթյանի հետ. «Ես երկու դեպք եմ իմ կյանքում հիշում, որ պաշտոնյային տեղափոխելիս մարդիկ լացել են. Մեկը Հասրաթյանն է, որ այդ պաշտոնից հանեցին` քաղաքը տրաուրի մեջ էր, մեկ էլ, որ Տարոն Մարգարյանին Ավան համայնքից բերում էին քաղաքապետ, ժողովուրդը լացում էր»: Այդ ժամանակ Լեւոն Իգիթյանը Տարոն Մարգարյանին մաղթել էր` այնպես աշխատել, որ քաղաքում իր համար արցունքներ թափվեն: Այսօր նա արձանագրեց, որ Տարոն Մարգարյանի մոտ դա ստացվել է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Թե ի՞նչ խնդրանքներով էին երեւանցիները դիմում Տարոն Մարգարյանին` դիտեք քիչ անց  տեսանյութում :

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930