Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմավիան» կործանվեց «Զվարթնոցի՞» պատճառով (Տեսանյութ)

Ապրիլ 08,2013 18:47

Եթե Հայաստանը միանա «Open sky» ծրագրին, կարող ենք մոռանալ ազգային ավիափոխադրողի մասին:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հանրային խորհրդի օդային տրանսպորտի հաղորդակցության ենթահանձնաժողովի փոխնախագահ Իզաբելլա Մուրադյանն ասաց, որ «Արմավիա» ավիաընկերության հնարավոր  սնանկացման համար մի քանի մեղավորներ եւ գործոններ կան, այդ թվում նաեւ «Զվարթնոց» օդանավակայանի ծառայությունների բարձր գները:

Aravot.am-ը տիկին Մուրադյանից հետաքրքրվեց, թե ինչպես են այդ եզրահանգմանը եկել, քանի որ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանն էլ հայտարարել էր, որ շատ լուրջ ուսումնասիրություն են կատարել եւ պարզել, որ «Զվարթնոցի» գներն ամենեւին էլ բարձր չեն:

«Կան մասնագիտական նրբություններ, գոյություն ունեն օդանավակայանի տարիֆներ, որոնք նորմալ են, սակայն գոյություն ունի այսպես կոչված, վերգետնյա սպասարկում, եւ նավթի մատակարարման սպասարկում, որը սովորաբար չի մտնում օդանավակայանի գործառույթների մեջ, բայց Հայաստանում, երբ 2002-ին ստորագրվեց կոնցեսիոն համաձայնագիրը, այն ամբողջությամբ տրվեց կոնցեսիային: Օտարերկրյա օդանավակայաններում վերգետնյա սպասարկումն իրականացնում են 2 եւ ավելի ընկերություններ, ինչն ապահովում է մրցակցային դաշտը եւ գները հնարավոր է լինում հսկել: Նավթի մատակարարողն ու «Արմավիան» նույն մարդուն են պատկանում եւ ստեղծվել է այսպիսի իրավիճակ` Հայաստանի սահմանին նավթի արժեքը 1100 դոլար է տոննայի համար, վաճառում էր «Զվարթնոցին», որն էլ ներսում այդ նույն նավթը «Արմավիային» վերավաճառում էր 250-300 դոլար մարժայով, տոննայի մեջ»:

Ըստ տիկին Մուրադյանի, միջինը ամսական 3000 տոննա նավթ է օգտագործում ավիաընկերությունը. «Նախնական քվեարկումներով իրենք համաձայն էին, մենք ասում էինք` թող գան «Բրիթիշ պեթրոլիումը», «Ռոսնեվթը», «Շեյլը», եթե ներսում հնարավոր լինի մի քանի ընկերություններ մատակարարեն նավթը, միանգամից կկարգավորվի»: Մեր այն դիտարկմանը, որ եթե տարիներ շարունակ այդ կերպ են աշխատել «Զվարթնոցն» ու«Արմավիան», գուցե որոշ անձանց ձեռնտու է եղել, քանի որ խնդրի մասին «Արմավիան» չի բարձրաձայնել, հանրային խորհրդի ներկայացուցիչն ասաց` «Եթե դուք կարծում եք դիտավորություն կա, թող բարձրաձայնեն` դրա համար են փակ պահում, թույլ չեն տալիս այլ ընկերություններ մատակարարեն «Զվարթնոցի» ներսում, ու մենք բոլորս իմանանք»:

Տիկին Մուրադյանը «Արմավիայի» «կործանման» մեկ այլ պատճառ էլ ներկայացրել էր, որ 2009-ին Հայաստանում չվերթներ սկսեցին իրականացնել ռուսական 6 ընկերություններ: Aravot.am-ը նաեւ հետաքրքրվեց, արդյոք լավ չէ՞ր, որ շուկան ազատականացվեց, հանրային խորհրդի ներկայացուցիչն ասաց, որ Հայաստանին առաջարկվել է 2015 թվականին միանալ «open sky»` «բաց երկինք» ծրագրին, որը հնարավորություն է տալիս գրեթե բոլոր ավիաընկերություններին գալ Հայաստան եւ կատարել դեպի տարբեր ուղղություններով եւ 3-րդ երկիր չվերթներ. «Դա միայն մեծ պետությունների շահերը պաշտպանող ծրագիր է, որովհետեւ գոյություն ունի դեմպինգ, դա նշանակում է տրվում են էժան տոմսեր, դա այն է, ինչ մենք այսօր ունենք` էժան տոմսերով թռան այսքան ժամանակ, հիմա հայկական ավիաընկերությունը դուրս մնաց պայքարից, տոմսերը թանկացան: Նույնը լինելու է «Open sky»  ծրագրով: Դա շատ ծանր հետեւանքներ կթողնի, կարող ենք մոռանալ ազգային ավիափոխադրողի մասին եւ ազգային օդաչուների կազմի մասին»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ալեքսանդր says:

    Հերիք չ?է շահարկեք այդ “ազգային” բառը: Ազգային այյուր ներկրող ունենք, ազգային բենզին ներկրող, ազգային խանութների ցանց և այլն: Այդ ամենը սովորական մենաշնորհի արտահայտոություն է, ինչը սպառողին շատ թանկ է նստում; Արմավիան ամենաթանկ տոմսերն էր վաճառում նույնիսկ ամենամոտ տարածության համար; Ազատեք երկինքը, ինչպես ազատվեցինք մյուս “ազգային” մենաշնորհեներից: Մրցակցությունն է զարգացման ճանապարհը:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930