Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ պատգամավորներն ապացուցում էին, որ ՄԻՊ զեկույցը կարդացել են, ՄԻՊ-ն էլ, որ զեկույցում ճշգրիտ թվեր են ներկայացվել

Ապրիլ 08,2013 18:12

ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) զեկույցի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը դիտարկում արեց, թե ՄԻՊ-ը հայտարարում է, որ խնդիրը կա, բայց թե ով պիտի լինի հասցեատերը, դա չկա զեկույցում, և առաջարկեց դա էլ ներկայացնել: ՄԻՊ Կարեն Անդրեասյանն էլ պատասխանեց. «Մենք նույն խնդիրը տրոհել ենք ըստ գերատեսչությունների, որ թիրախավորված լինեն մեր բարձրացրած խնդիրները: Պետք է մի կողմից գործադիրը շտկի այդ խնդիրները, նաև պահանջեն գործադիրից, որ շտկի այդ խնդիրները: Մենք ունենք արդյունքներ, չեմ կարող ասել, որ դրանք մեծ են: Օրինակ` շատ գերատեսչություններ, որ ժամանակին` 2009-ի 2010-ի զեկույցներին կարող է ուշադրություն չդարձնեին, ապա այժմ առանց ԱԺ ճնշման, իրենք են հետաքրքրվում այդ զեկույցում տեղ գտած խնդիրների լուծմամբ: Մյուս կողմից էլ եթե քաղաքական աջակցություն չլինի, Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը չի կարող արդյունավետ գործել: Այդ ակտիվությունը հատկապես ակնկալում ենք ընդդիմադիր ֆրակցիաներից»:

Պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էլ բարձրացրեց այն հարցը, որ ՄԻՊ-ի գրասենյակում տեղակայված «Մարդու իրավունքների տուն» ՀԿ-ն օգտագործում է Human Rights House-ի լոգոն և անվանումը, ինչը էթիկական նորմի խախտվում է, մյուս կողմից էլ դա մտահոգություն է, որ ՀՀ իշխանությունները փորձում են խոչընդոտել Human Rights House-ի` ՀՀ-ում գրասենյակ ունենալու հարցին: ՄԻՊ-ը այս առիթով ասաց. «Մեզ դիմել են միջազգային այդ կազմակերպությունից, մենք էլ ուղղորդել ենք հարցը ճշտել ՀԿ-ի հետ: Ընդամենը մեկ շաբաթ առաջ եմ տեղեկացել, որ բանակցությունները դեռ արդյունքներ չեն տվել: Ճանապարհներից մեկն այն է, որ ուղղակի իրենց դուրս հրավիրենք մեր տարածքից, չնայած մեզ օգնում են, մյուսը այն, որ եթե որևէ կազմակերպություն կարողանա մեր վերանորոգված նկուղում քաղաքացիների համար ծառայություններ իրականացնել, պատրաստ ենք նրանց տալ»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն էլ նշեց, որ այստեղ կա օրենսդրական բաց, որը բոլոր պատգամավորների խնդիրն է:

Մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Բաբուխանյանն էլ հետաքրքրվեց, թե ի՞նչն է պատճառը, որ ոչ մի թվականի զեկույցում չենք տեսնում Հայոց ցեղասպանության զոհերի սերունդների, Սիրիայից, Թուրքայից, Ադրբեջանից փախստականների, ՀՀ սահմանամերձ գյուղերի բնակիչների իրավունքների ոտնահարմանը վերաբերող հարցերր և արդյոք ՄԻՊ ինստիտուտը խորհրդակցում է Հայ առաքելական եկեղեցու հետ: Կ. Անդրեասյանը նշեց. «Որևէ միջազգային փաստաթղթում և ոչ էլ ՀՀ Սահմանադրության մեջ ազգային ինքնություն հատուկ ձևակերպում չկա: Զեկույցում բարձրաձայնել ենք ՀՀ հեռավոր մարզերում եղած մշակութային խնդիրները: Տարբեր գլուխներում անդրադարձել ենք փախստակաների հարցերին: Ըստ օրենսդրության և Սահմանադրության` ՄԻՊ-ը կարող է անդրադառնալ միայն ՀՀ գործադիր մարմինների գործունեությանը, նրանց կողմից իրավունքների խախտումներին: Բազմիցս հանդիպել եմ Վեհափառին և նրա հետ քննարկել մարդու իրավունքների խնդիրը: Կան մարդիկ, որ փորձում են ՄԻՊ-ը կապել կոնկրետ ինստիտուտների և խմբերի հետ: Այդ առիթով նշեմ, որ մենք հատուկ խմբերի համար հատուկ ձևով չենք աշխատում: Մենք աշխատում ենք բոլոր խմբերի համար»: Այս ընթացքում ԱԺ նիստերի դահլիճում աղմուկ էր, ու ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ստիպված դիմելով պատգամավորներին նշեց. «Եթե լռել հնարավոր չէ, խնդրում եմ գոնե ցածրաձայն խոսել»:

ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանն էլ բարձրացրեց կանանց նկատմամբ բռնությունների խնդիրը և հետաքրքրվեց` այս հարցում ՄԻՊ-ի միջամտությունը որքանո՞վ է արդյունավետ: Կ. Անդրեասյանը պատասխանեց. «Մեր խնդիրն է այն, որ եթե կնոջը ծեծում են, գոնե դա չթաքցվի, կամ երբ կինը դիմի ոստիկանություն, նրան չծաղրեն ու չասեն, որ ինքն է մեղավորը: Մեր միջամտությունն այն է, որ մենք կանանց կոչ անենք բռնությունների դեպքում դիմել մեր թեժ գծին: Մենք ոչ թե պահանջում ենք, որ ամուսիններից բաժանվեն այն բանի համար, որ ամուսինը նրան ծաղիկ չի նվիրել մարտի 8-ին, այլ ի վերջո կնոջը ազատենք պարբերական բռնություններից»:

ՀՀԿ-ական պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանն էլ նշեց, թե իհարկե չի ուզում Կ. Անդրեասյանին անհարմար իրավիճակի մեջ դնել, սակայն զեկույցում կան թվային անճշտություններ` հավելելով, թե թող չկարծեն, որ պատգամավորները զեկույցները չեն կարդում: Ի պատասխան Կ. Անդրեասյանը հակադարձեց, թե 2011-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ նշված ոլորտում պատկերը եղել է այն, ինչ արձանագրված է զեկույցում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930