ՕԵԿ-ը իր նախընտրական ծրագրում կարեւորել է Երևանի համաչափ զարգացումը: Կուսակցությունը գտնում է ՝ քաղաքի քարտեզի վրա չպետք է լինեն հատուկ տարածքներ` քաղաքի կենտրոնի կառուցապատումը պետք է լինի նույնքան ուշադրության կենտրոնում, որքան քաղաքի ցանկացած ծայրամասի կառուցապատման խնդիրները:
Իսկ հանրային նշանակություն ունեցող կառուցապատման և բարեկարգման յուրաքանչյուր նախագիծ պետք է պարտադիր անցնի հրապարակման, հանրային քննարկման, քաղաքաշինական համալիր գնահատման և շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության փուլերը: Այդ խնդիրները լուծելու համար կուսակցությունն առաջարկում է.
• առանձնահատուկ ուշադրություն դարձնել Երևանի համալիր և հավասարաչափ զարգացմանը, հանրային և մասնագիտական լայն քննարկման արդյունքում ընդունել Երևան քաղաքի նոր գլխավոր հատակագիծը,
• քաղաքաշինության ոլորտում ամրապնդել օրինականությունը և կանխել ապօրինի շինարարության դրսևորումները,
Կարդացեք նաև
• մշակել հատուկ նշանակության ծրագրեր վթարային և քանդման ենթակա բազմաբնակարանային շենքերի հիմնախնդիրների անհապաղ լուծման համար,
• բացառել քաղաքացիների իրավունքների և շահերի ոտնահարումը կառուցապատման ծրագրերի իրականացման գործընթացում, միաժամանակ շինություններ կառուցելու ընթացքում չհարուցել արհեստական խոչընդոտներ և բյուրոկրատական քաշքշուկներ, եթե վերջիններս չեն վնասում մյուս քաղաքացիների շահերին,
• առանց քաշքշուկների օրինականացնել երևանցիներին պատկանող բնակելի տները, դրանց կցակառույցներն ու տնամերձ հողատարածքները,
• ապահովել առանձնատների կառուցման համար համապատասխան հողատարածքների անարգել հատկացումը,
• առանձնատների կառուցման գործում ապահովել քաղաքացիների հիպոթեքային և ցածր տոկոսադրույքով երկարաժամկետ վարկերի տրամադրումը,
• ապահովել նորակառույց առանձնատների ընդհանուր գազային ցանցին, ջրատարերին և կոյուղագծերին միացումը,
• իրականացնել բնակելի առանձնատների հոծ կառուցապատման տարածքներում դպրոցների, մանկապարտեզների և պոլիկլինիկաների կառուցումը,
• իրականացնել բնակիչների ավտոտնակների տեղադրման համար հողահատկացումները,
• իրականացնել առանձնատների կառուցման համար բնակիչներին անհրաժեշտ շինանյութերի և շինարարական տեխնիկայի տրամադրումը, այդ առանձնատների նախագծային-նախահաշվային փաստաթղթերի կազմումը և ձևակերպումը,
• բացառել մայրաքաղաքի գլխավոր հատակագծից դուրս կետային կառուցապատումը,
• պահպանել Երևանի պատմամշակութային հուշարձանները, շենքերի ճարտարապետական տեսքն ու հին Երևանի նկարագիրը, նոր կառուցապատման միտումների համադրմամբ:
Կուսակցությունը առաջարկություններ է ներկայացրել նաեւ Երեւանի բարեկարգման հարցում:
Երևանի արտաքին տեսքի, երևանցու հարմարավետ ապրելակերպի, մայրաքաղաքում գործող ենթակառուցվածքների զարգացման համար նախընտրական ծրագրում ՕԵԿ-ը նշել է քաղաքի բարեկարգման ամբողջական նպատակային ծրագրի մշակման և իրականացման անհրաժեշտությունը ու առաջարկել է
• անձնագրավորել մայրաքաղաքի շենքերն ու փողոցները, գույքագրել խնդիրները և սահմանել դրանց լուծման համար հստակ ժամկետներ ու պատասխանատուներ,
• կանոնակարգել շենքերի արտաքին տեսքի ճարտարապետական ձևավորման, մուտքերի, լուսավորության, գովազդային ձևավորման, փողոցների, մայթերի բարեկարգման, ավտոկայանատեղերի տեղաբաշխման հարցերը, ավարտել փողոցների և շենքերի հասցեների ցուցանակների տեղադրումը,
• բարեկարգման, կանաչապատման, ասֆալտապատման և լուսավորման աշխատանքների իրականացման առաջնահերթությունը տեղափոխել գլխավոր փողոցներից դեպի քաղաքի ծայրամասերում գտնվող երկրորդական փողոցներ ու նրբանցքներ,
• ապահովել քաղաքի փողոցների ու նրբանցքների որակյալ լուսավորումը,
• հիմնել նոր քաղաքային այգիներ և զբոսանքի վայրեր, պաշտպանիչ անտառաշերտեր` քաղաքի օդային ավազանը բարելավելու նպատակով, կանաչապատման արդյունավետությունը բարձրացնելու համար վերականգնել ոռոգման ցանցը` ժամանակակից ջրագծերի կառուցումը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ