Լրահոս
Օրվա լրահոսը

«Օբամային էլ Ամերիկայում չեն սիրում»,- ասաց Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից եկած Արա Աբրահամյանը

Ապրիլ 08,2013 17:57

Այսօր ՀՀ ԳԱԱ-ում կայացած Համաշխարհային հայկական կոնգրեսի գլխավոր խորհրդի նիստի ժամանակ, Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը, որը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից էր գալիս, նախ ողջունեց ՀՀ-ում գրանցվելու կապակցությամբ, ապա ասաց, որ արդեն ունեն իրենց կնիքը եւ պետք է իրագործեն իրենց բոլոր ծրագրերը. «Պետք է ունենանք ամեն միջոցառման պատասխանատուները, դրանց սկիզբն ու վերջը: Պետք է բոլոր ծրագրերը գրվի եւ նիստով հաստատվի: Այս տարի անելու ենք այն, ինչ արվել է նախորդ տարի, գումարած երեք ծրագիր: Ես նախագահի մոտից եմ գալիս, մենք խոսում էինք, ասացի, որ ամեն ինչ կանենք ներդրումներ, նոր ծրագրեր իրականացնելու համար, մենք սփյուռքի, մշակույթի նախարարությունների հետ ծրագրեր պիտի իրականացնենք, դրան գումարած նաեւ բանակը»:

Աբրահամյանի խոսքով` երբ կազմակերպությունը Մոսկվայում էր, մի քիչ անհասկանալի էր, հիմա այն Երեւանում է ու դա ավելի ճիշտ է:

Նա հույս հայտնեց, որ այս տարի պատրաստ կլինի նաեւ Հյուսիսային պողոտայի վրա գտնվող իրենց՝ Սփյուռքի համաշխարհային կոնգրեսի հայկական տունը. «Ամեն ինչ անելու ենք, սա մեր բոլորի երկիրը պետք է լինի եւ հայը իրեն պետք է զգա ազատ, անվտանգ եւ մենք իշխանությունների հետ միասին պետք է փոփոխություններ անցկացնենք: Ոչ մեկը համաձայն չի այսօր շատ հարցերի հետ, բայց դա չի նշանակում, որ երկիրը պետք է թուլացնենք, այնպես ինչպես ժամանակին արեց Գորբաչովը: Պետք է ունենանք հստակ, ուժեղ իշխանություն, պետականություն: Իշխանությանը ճիշտ է, ոչ մեկը չի սիրում, բայց դրան ձգտում են բոլորը: Օբամային էլ Ամերիկայում չեն սիրում, բայց…»:

Աբրահամյանը հավելեց, որ ֆինանսական դժվարությունները անցյալ տարվա նման չեն, այս տարի բյուջեն կրկնակի ավելացնելու են ու միայն ինքը չի հովանավորելու` «Պետք է ստեղծենք նաեւ մի կառույց, որ ինչ որ մեկը զբաղվի ֆինանսներով, ես ինքս փող տվողներից մեկն եմ լինելու: Միշտ ասել եմ, մեր գլխավոր խնդիրն է` ամրապնդել Սփյուռք -Հայաստան կապը, իսկ եթե չենք օգնում, ավելի լավ է չարժեզրկենք երկիրը»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930