Ինչպես տեղեկացրել ենք, երեկ մի քանի գյումրեցիներ Գյումրու Թատերական հրապարակից ոտքով քայլերթ սկսեցին դեպի մայրաքաղաք` մասնակցելու իրենց ընտրած նախագահի` Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալությանը:
Քիչ առաջ Aravot.am-ի հետ զրույցում նրանցից մեկը` Համլետ Պետրոսյանը փոխանցեց, որ արդեն անցել են Աշտարակը և հասնում են Երևան: Նրա ասելով, քայլերթի մասնակիցները Աշտարակում այնպիսի ջերմ ընդունելության են արժանացել, որ մոռացել են անգամ հոգնած լինելը: «Աշտարակում ոգևորությունը շատ մեծ էր, էն կարգի ընդունելության մեզ արժանացրեցին, որ մոռացանք անգամ, որ Գյումրիից ոտքով ենք եկել: Ահագին տղաներ մեզ միացան: Հիմա միասին ուղևորվում ենք դեպի Երևան, ամենայն հավանակությամբ այսօր կգիշերենք Վահագն թաղամասում, որ առավոտ գնանք Ազատության հրապարակ», – ասաց Համլետ Պետրոսյանը:
Ըստ նրա, ոստիկանները քայլերթի ամբողջ ընթացքում ուղեկցել են իրենց, իրենց անվտանգությունը պահպանելուց բացի, բացարձակապես ոչ մի հարցով չեն անհանգստացրել: Ավելին, մեր զրուցակցի ասելով, ոստիկանները իրենց «հարգում ու պատվում են»: Աշտարակի ճանապարհին ճանապարհային ոստիկանությունը կանգեցրել է իրենց ուղեկցող մեքենաներից մեկի վարորդին, երբ վարորդը իջել է մեքենայից ճշտելու, թե ի՞ նչ խախտում է կատարել, ինչո՞ւ են իրեն կանգնեցնում, ոստիկանները, այդ ընթացքում մեքենայի մեջ տեսնելով Րաֆֆի Հովհաննիսյանի նկարը, բարեհամբույր ձևով ասել են` հասկանալի է ու անմիջապես ճանապարհել են վարորդին: Համլետ Պետրոսյանի ասելով, որևէ մեկը չի հիվանդացել ու վատ չի զգացել, մի կերպ հարմարվելով գիշերել են Թալինի տարածքում, աղջիկները`մեքենաների մեջ, տղամարդիկ դրսում կամ վրանում:
Իսկ քիչ առաջ, ըստ Համլետ Պետրոսյանի, Աշտարակ քաղաքում իրենց է այցելել ու լուսանկարել օդակայան թռիչքի շտապող, Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը` Համբարձում Պապոյանի