Այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող քաղաքապետ եւ քաղաքապետի հանրապետական թեկնածու Տարոն Մարգարյանի քարոզարշավին դիտորդի կարգավիճակով ներկա էր նաեւ ԱԺ հանրապետական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:
Aravot.am-ը պարոն Ալեքսանյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ ինքն էլ մի քանի քաղցր խոսք չի ասում հանրապետականի թեկնածուի օգտին, ինչպես դա անում են մյուսները: Սամվել Ալեքսանյանը բազմանշանակ ժպիտով պատասխանեց. «Տարոն Մարգարյանը իմ գովեստի կարիքը չունի: Իրան բոլորն էլ սիրում են»:
Սամվել Ալեքսանյանից հետաքրքրվեցինք նաեւ՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են այն խոսակցությունները, որ իր վրա ճնշումներ են գործադրվում իշխանության կողմից, որպեսզի «Երեւան սիթի» խանութների ցանցը վաճառի «Քարֆուր» ընկերությանը, իսկ փոխարենը ձեռք բերի «Սթար» սուպերմարկետների ցանցը: Պարոն Ալեքսանյանն ի պատասխան՝ ասաց. «Ձեզ քանի անգամ եմ ասել, որ ես բիզնեսով չեմ զբաղվում»՝ ըստ էության հարցը շրջանցեց նա: Հետաքրքրվեցինք՝ իսկ ո՞ւմ դիմել այդ հարցով՝ ով կառավարում է իր բիզնեսները: «Հա, հա, դիմեք»,- ասաց Ալեքսանյանը՝ ընդհատելով խոսակցությունը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ