«Արմավիա» ավիաընկերության «կործանման» մի քանի պատճառներ կան եւ առհասարակ Հայաստանում հայկական ավիաընկերությունների չկայանալու թիվ 1 խնդիրը օդային օրենսգրքի բացակայությունն է: Այսօր «Հենարան» ակումբում նման կարծիք հայտնեց Հանրային խորհրդի օդային տրանսպորտի հաղորդակցության ենթահանձնաժողովի փոխնախագահ Իզաբելլա Մուրադյանը: Նրա ներկայացմամբ` Հայաստանը գրեթե միակ երկիրն է, որ չունի օդային օրենսգիրք, ընդ որում, օրենսգրքի բացակայության հետեւանքով էլ, կարելի է ասել, ով ինչ ուզում անում է, եւ ինչպես տիկին Մուրադյանը նշեց, «Զվարթնոցն» իր պարտքերը «Արմավիայից» ստանալու համար, փոխանակ դատարան դիմեր, արգելում էր չվերթներ իրականացնել, ինչի արդյունքում քաղաքացիներն էին տուժում:
Ինչ վերաբերում է «Արմավիայի» խնդիրներին, ապա ըստ հանրային խորհրդի ներկայացուցչի` երեկ ավիաընկերության ներկայացուցիչներից մեկը հայտարարել է` ընկերությունը դադարեցնում է չվերթները, բայց դա չի նշանակում գնում է դեպի սնանկացման, այդուհանդերձ, ըստ տիկին Մուրադյանի, հանձնաժողովը ուսումնասիրել է միջազգային օդանավակայանների սակագները եւ պարզել, որ նախորդ տարի, երբ Արմավիան դժգոհում էր «Զվարթնոցի» ծառայությունների բարձր սակագներից, ճիշտ էր անում. «Սակագները պետք է վերանայել»:
Օդային տրանսպորտի ոլորտի մեկ այլ բացթողումներից է, տիկին Մուրադյանի ներկայացմամբ`զարգացման ծրագիրը գրել է մի գերատեսչություն, իսկ վերոհսկողությունն այլ կառույց է իրականացնում. «Մինչ օրս շատ անորոշ իրավիճակ է` տրանսպորտի նախարարությունը, որը կապ չունի ստրուկտուրայի հետ, գրել է ծրագիր՝ օդային տրանսպորտի զարգացման մինչեւ 2025 թվականը, բայց քաղավիացիան է պատասխանատուն»:
Ըստ տիկին Մուրադյանի, ՀՀ կառավարությունը ամենամեծ սխալը թույլ տվեց, երբ «Հայկական ավիաուղիների» բաժնետոմսերի 100%-ն էլ վաճառեց մասնավորին, մինչդեռ աշխարհի բոլոր նորմալ պետություններում կառավարությունը ազգային փոխադրողների բաժնետոմսերի որոշ մասը պետք է ունենա, ինչպես օրինակ` «Աէրոֆլոտի 51%-ը բաժնետոմսերի պետությանն է, «Թուրքիշ էյրլայնսը»` 49%-ը, «Չեխականում»` 97-%-ը, Ֆրանսիայում, Ավստրիայում էլ նույնն է»:
Կարդացեք նաև
Օրերս պաշտոնապես հայտարարվել է, որ «Արմավիայի» որոշ չվերթներ կիրականացնեն «Չեխական ավիաուղիներն» ու լեհական «Լոտը», սակայն դա էլ ռիսկային է, քանի որ, ըստ հանրային խորհրդի ներկայացուցչի`«Ասեմ, որ դրանք էլ պաշտոնակապես բանկրոտային նախաշեմին են գտնվում եւ շատ լավ կլինի քաղավիացիայի գլխավոր վարչությունը ուշադրություն դարձնի»:
«Արմավիայի»` այսպես ասած` «տակ տալու» պատճառներից մեկն էլ` սխալ մենեջմենթն էր. այս կարծիքի հետ համամիտ է նաեւ Իզաբելլա Մուրադյանը, որը վստահեցրեց, որ քաղավիացիայում աշխատանքային փորձ ունի, եւ տեսակետ հայտնեց, որ եթե «Արմավիային» փոխարինող գտնվի, ապա ճիշտ կլինի՝ պետությունը գոնե 26% բաժնետոմս ունենա, իսկ կառավարումը տրվի արտաքին ավիափոխադրողին, քանի որ բոլոր ավիաընկերություններն ունեն ֆորսմաժորային դրույթ, որով, եթե Հայաստանում լինի մի արտակարգ իրավիճակ, ապա դրանք, իրենք իրավունք ունեն չթռչել Հայաստան, ուստի, եթե չունենանք ազգային փոխադրող, մենք պարզապես օդային փակուղու մեջ կհայտնվենք: Եվ եթե ազգային փոխադրող ունենալու խնդիրը չլուծվի, ինչպես տիկին Մուրադյանն ասաց` Հայաստանը կկորցնի 400 լավագույն օդային մասնագետների, իսկ վաղը կմնանք ինչ-որ գաստրաբայդերների հույսին:
Ինչ վերաբերում է «Արմավիայի» տոմսեր ձեռք բերած ու չթռչած քաղաքացիներին, ապա հանրային խորհուրդն առաջարկում է ստեղծել հիմնադրամ, մոտ 3000 քաղաքացիներին փոխհատուցում տալ, իսկ հետո` ռեցեսիայի սկզբունքով «Արմավիայից» ետ ստանալ այդ գումարները:
Իսկ թե ի՞նչ եղավ Արմավիայի հետ 2009-ին, երբ ՀՀ կառավարության եւ Ռուսաստանի միջեւ համաձայնագիր կնքվեց` տեսանյութում`
Նելլի ԲԱԲԱՅԱՆ