Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք չենք ուզում զրկվել մեր մանկության հիշողությունից». Նարեկ Հովհաննիսյան

Ապրիլ 08,2013 17:17

«ՀԷԿ-ը չպետք է կառուցվի, քանի որ երրորդ ՀԷԿ-ի կառուցումն արդեն մեծ վտանգների առջև կարող է կանգնեցնել: Այսօր էլ նախորդ երկու ՀԷԿ-երի կառուցման հետևանքով թողքի և գետի ցամաքման խնդիրներ են առաջացել և գյուղաբնակչությունն այսօր ոտքի է կանգնել և դեմ է հնարավոր երրորդ ՀԷԿ-ի կառուցմանը»,- այսօր այս մասին «Ելակետ» մամուլի ակումբում ասաց լրագրող Թեհմինե Ենոքյանը:

Բանախոսի խոսքով` գյուղն ունի մոտ 600 բնակիչ, որտեղ մեկօրյա ստորագրահավաքի ընթացքում շուրջ 300-ը դեմ են ստորագրել ՀԷԿ-ի կառուցմանը, որը պետք է ուղարկեն բնապահպանության նախարարություն. «Սա այն գյուղերից է, որտեղ նկատվում է միասնականություն: Հինգ տարեկանից մինչև ծերունի՝ ամուր կանգնած են իրենց հողի վրա: Իրենք են իրենց իրավունքների տերը»:

«Համահայկական բնապահպանական ճակատ»-ի անդամ Հասմիկ Էվոյանը նշեց, որ երրորդ հնարավոր ՀԷԿ-ը նախատեսված է կառուցել գետի կենտրոնական այն հատվածում, որտեղից ամենից շատն է օգտվում գյուղացին: Էվոյանն անդրադառնալով ՀՀ Սահմանադրությանը, ասաց, որ օրենքում կան մի շարք բացթողումներ. «Որևէ տեղ սահմանված չէ, թե որ գետի վրա կարելի է ՀԷԿ կառուցել, իսկ որին` ոչ: Չկա որևէ օրենսդրական խելացի մոտեցում: Այստեղ շատ կարևոր է նաև վերահսկողությունը, եթե սահմանվում է 70լ/վ թողքը, ապա չկա որևէ վերահսկողություն: Վտանգվում է գետի ձուկը, որը կարող է հանգեցնել նաև տեսակների վերացման»,-ընդգծեց Էվոյանը:

Ծագումով Մարց գյուղից Նարեկ Հովհաննիսյանը նշեց, որ ՀԷԿ-ի կառուցման հետևանքով երեխաներն այլևս չեն կարողանալու լողալ այդ գետում, որն իրենց համար մանկության հիշողություն է, որից զրկվել չեն ցանկանում. «ՀԷԿ-ի հնարավոր կառուցման համաձայնությունը տրվել է գյուղապետի կողմից, սակայն ամբողջ գյուղը դեմ է և մինչև վերջ պայքարելու է իր իրավունքների համար: Չպետք է մոռանալ, որ Մարցագետը մեծ նշանակություն ունի նաև շրջակա գյուղերի համար: Մենք չենք ուզում զրկվել մեր մանկության հիշողությունից»:

«Մարց» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արսեն Խառատյանն ասաց, որ գյուղ այցի ժամանակ իրենք գյուղապետին այդպես էլ տեսնել չեն կարողացել: Հանդիպել են միայն գյուղապետի որդուն և ևս մեկ երիտասարդի, ովքեր նրանց փոխանցել են, թե իրենց խոստացվել է 1մլն դոլար տարեկան ՀԷԿ-ի կառուցումից հետո, որով պետք է ապահովեն գյուղի լուսավորությունը. «Քննարկման ընթացքում, գյուղացիների փաստարկն այն էր, որ իրենց հարկավոր չէ այդ լուսավորությունը, եթե իրենք պետք է փոշու մեջ լողան»:

Հաշվի առնելով դեպքերի հնարավոր նմանությունը՝ կապված Մեղրաձոր գյուղում ցիանային ֆաբրիկայի հնարավոր կառուցմանը, որտեղ բնակչությունն ևս դեմ էր հանդես եկել, արվել էր ստորագրահավաք և բողոքի ակցիաներ, այնուամենայնիվ, վերջին ակցիայի ժամանակ գյուղի բնակչությունը երկփեղկվել էր: Մեր այն հարցին, որ հնարավո՞ր է այս գյուղում էլ ժամանակի ընթացքում նման դիրքորոշման ականատես լինենք, «Մարց» քաղաքացիական նախաձեռնության անդամ Կարեն
Հարությունյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ նման իրավիճակ կստեղծվի այս գյուղում, եթե անգամ լինի էլ, այս գյուղը պատրաստ է պաշտպանելու իր իրավունքները, որը մենք տեսանք մեր այցի ժամանակ»:

Արսեն Խառատյանն էլ հավելեց, որ այս գյուղում աշխատանքի հետ կապված խնդիրներ չկան և այս տեսանկյունից էլ պառակտում դժվար թե լինի. «Նախորդ երկու ՀԷԿ-երում ամբողջ գյուղից ընդամենը 4-5 հոգի է աշխատում»:

Լրագրող Թեհմինե Ենոքյանը նշեց, որ այդ ամենը արվում է հնարավոր ճնշումների արդյունքում: «Հանրային քննարկման ժամանակ գյուղում մի աղջիկ կար` Անահիտ Արզումանյանը, ով իր ընտանիքի հետ հանդերձ բավականին ակտիվ էր այդ օրը և դեմ էր ՀԷԿ-ի կառուցմանը, սակայն վերջին հանդիպմանը նա չկար և մեզ հասել է, որ որոշակի ճնշումներ է իրականացվել Անահիտի վրա` սպառնալիքի տեսքով»:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930