Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով ձերբակալված եղբայրներից մեկը ազատ է արձակվել: NEWS.am-ի աղբյուրների համաձայն` Արտակ Պետրոսյանը ապրիլի 5-ի վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա ազատվել է արգելանքից:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի առավոտյան 9.00-ի սահմաններում Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել է Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին` աջ քունքի շրջանում հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (սպանություն`անձի կամ նրա մերձավորի` կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) եւ 235-րդ հոդվածի 1-ի մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Տարածքում պարկուճներ չեն հայտնաբերվել, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, կատարվում է նախաքննություն: Ձերբակալվել են նույն գյուղի բնակիչներ Արայիկ եւ Արտակ Պետրոսյանների անունները, որպես հիմնական կասկածյալ, լրատվամիջոցներում շրջանառվում է գյուղապետի մրցակից Արթուր Մուրադյանի անունը: Ապրիլի 5-ին Արայիկ Պետրոսյանը կալանավորվել էր: