Այսօր ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի հորդորին, որ եթե ռեալ կապեր ունեք «Կարֆուրի» հետ, կապվեք՝ նրան նետեց, թե եթե մենք պիտի կապվենք, մենք պիտի անենք, էլ ինչի՞ ենք հանձնաժողով պահում. «Ինչո՞ւ է հանրությունը պահում նման հանձնաժողով, եթե պետք է կարեւոր խնդիրները լուծում չստանան, իսկ Արտակ Շաբոյանը գա ու պատգամավորներից հարցնի, թե, օրինակ, ինչպես կապվի «Կարֆուրի» ղեկավարության հետ կամ «գլուխ պահի», երբ «Արմավիան» ավելի քան մեկ տարի անբարեխիղճ էր աշխատում ու ուղեւորներին պարբերաբար փաստի առաջ էր կանգնեցնում՝ հետաձգելով թռիչքները»: Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, որ այս իշխանությունը անգործունակ է:
Արտակ Շաբոյանը հակադարձեց ՀԱԿ պատգամավորին, թե վերջինս միայն «պոպուլիստական» հայտարարություններ անել գիտի:
Այս հայտարարությունը բարկացրեց Նիկոլ Փաշինյանին: Նա հորդորեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին, որ այսուհետեւ, երբ կառավարության անդամներ են գալիս ԱԺ, իմանան ուր են գալիս: Նա կոչ արեց նաեւ կարգի հրավիրել Շաբոյանին, ով չափն անցել է՝ ակնկալելով նրանից ներողություն՝ իր այսօրվա պահվածքի համար:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ դաս տվեց Արտակ Շաբոյանին, թե ինչպես պետք է ճիշտ հաշվել ինվոյսները: Նա նաեւ նկատողություն արեց, որ Արտակ Շաբոյանը դեմ է շաքարի երկրորդ գործարանի կառուցմանը. «Մի՛ սովորեցրեք եւ գեստապոյական բանով մի ասեք՝ Հայաստանին երկրորդ շաքարի գործարան մի կառուցեք, ազատ շուկա է, կուզեն՝ կկառուցեն, կուզեն՝ չեն կառուցի: 200 հատ էլ լինի՝ պետք է: Հենց հիմա անգլիական մի ընկերություն ուզում է շաքարի գործարան կառուցել»:
Կարդացեք նաև
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը միջամտեց. «Իմ կարծիքով, եթե որեւէ մեկը ցանկություն ունի շաքարի գործարան կամ օճառի գործարան կառուցել, որեւէ մեկը չի խանգարի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Շատ ճիշտ է Աբրահամյան Հովիկը՝ օճառի գործարանի անհրաժեշտության մասով:Հայաստանում,հանձինս ՀՀԿ-ի՝ ոճառի օգտագործման աննախադեպ պահաջարկ է արձանագրվել…