«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում այսօր տեղի ունեցավ ԱՊՀ մասնակից պետությունների Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար, ոստիկանության գեներալ-գնդապետ Անդրեյ Նովիկովի մուլտիմեդիոն մամուլի ասուլիսը` տեսակամրջի ձևաչափով` Կիևում, Քիշնևում, Երևանում, Աստանայում` «ՌԻԱ Նովոստիի» հարթակների միացմամբ:
Երևանյան հարթակից Անդրեյ Նովիկովին հարց ուղղվեց, թե ինչ ակտիվություն է ցուցաբերում Հայաստանը` ԱՊՀ մասնակից պետությունների Հակաահաբեկչական կենտրոնի գործունեության շրջանակում: «Հայաստանը բավական ակտիվ է մասնակցում կենտրոնի հակաահաբեկչական միջոցառումներին: Չնայած Հայաստանի ներկայացուցիչը անցյալ տարի փոխվեց, բայց եւ նա, եւ նախորդ ներկայացուցիչը գիտեն իրավիճակը, խորը եւ ուշադիր են վերաբերվում կանխատեսումներին: Իսկ ակտիվությունը մասնավորապես վերաբերում է մեր միջոցառումների պլանավորմանը եւ դրանցում ցուցաբերած մասնակցությանը,-պատասխանեց Նովիկովը` հավելելով,- տարիների ընթացքում մենք զբաղվում ենք Ռուսաստանի հատուկ ծառայությունների եւ իրավապաշտպան կառույցների աշխատակիցների վերապատրաստումներով, որոնց ակտիվ կերպով մասնակցում են նաեւ հայերը` իրենց ներկայացուցիչներին ուղարկելով մեր հատուկ կրթական հաստատություններում սովորելու»:
Իսկ հարցին, թե ինչ ակնառու վտանգներ կան Հարավկովյասյան տարածաշրջանի, մասնավորապես` Հայաստանի համար, Անդրեյ Նովիկովը պատասխանեց. «Դուք ինձանից լավ գիտեք, թե Հայաստանի համար ինչ սպառնալիքներ կարող են լինել: Ինչպես գիտեք, լարվածություն է տիրում Իրանում, որի բնակչության զգալի մասը քրդեր են եւ ադրբեջանցիներ: Աստված չանի, եթե Իրանի հանդեպ հարված լինի, դա, բնականաբար, Կովկասում աշխարհաքաղաքական տեղաշարժեր կառաջացնի: Այստեղից էլ Հայաստանի Հանրապետության նորմալ գոյության համար վտանգներ կարող են առաջանալ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ