Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այգեհովտի «բերմուդյան եռանկյունին»

Ապրիլ 08,2013 15:58
Aygehovit

Արագ երթեւեկողների պատճառով օրումեջ վթարներ են լինում

Օրերս ոստիկանության Իջեւանի բաժնում, համայնքների ղեկավարների մասնակցությամբ հանդիպման ժամանակ, Իջեւանի տարածաշրջանի Այգեհովտի գյուղապետ Լեւոն Գրիգորյանը հնչեցրեց Այգեհովտում երթեւեկության անվտանգության խնդիրը: Բերդի տարածաշրջան տանող ավտոճանապարհը անցնում է գյուղի միջով, այդ հատվածում վարորդները երթեւեկում են մեծ արագությամբ՝ ստեղծելով վթարային իրավիճակներ: Այդ ճանապարհի եզրին են գտնվում Այգեհովտի մանկապարտեզը, բժշկական ամբուլատորիան, հացի փուռը: Երեկոյան ժամերին գյուղի երեխաները մարզական պարապմունքներից վերադառնալիս վտանգի են ենթարկվում:

Գյուղապետի վկայությամբ ՝ 2010թ. մահվան դեպքով վթար է եղել, գյուղի տարածքում օրումեջ վթարներ են լինում, «ահավոր վիճակ է», այդ ճանապարհով անցնում են գյուղի մանկապարտեզի՝ 80, միջնակարգ դպրոցի 200 երեխաները: Խորհրդակցությունը վարող ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի տեղակալ Արմեն Օհանյանն ասաց, որ օրումեջ վթարների մասին տեղեկությունը չափազանցված է: Գյուղապետն ասաց, որ դա չափազանցություն չէ, վթարների հետեւանքով վնասվում են գյուղի էլեկտրական հոսանքի հենասյուները, բնական գազի բաշխիչ տուփերը:

Ա. Օհանյանն ասաց, որ Այգեհովտի տարածքում երկու կողմից տեղադրված են «Արագության սահմանափակում» եւ «Երեխաներ» ճանապարհային նշանները: Գյուղապետ Գրիգորյանն ասաց, որ գուցե Իջեւան քաղաքի Անկախության փողոցի օրինակով իրենց թույլատրվի ճանապարհին կառուցել ասֆալտի թմբեր կամ արագաչափ տեղադրվի: Ոստիկանության մարզային վարչության պետի տեղակալն ասաց, որ ճանապարհին թմբեր սարքելն օրենքով արգելվում է, մանավանդ՝ հանրապետական նշանակության ճանապարհին:

Պ-ն Օհանյանը տեղեկացրեց, որ Տավուշի մարզում արագաչափեր նոր են տեղադրվում, Դիլիջանում դրանցից 2-ը տեղադրված է, աստիճանաբար դրանք կտարածվեն մարզի այլ տարածաշրջաններում: Վազաշենի գյուղապետ Լորիկ Բադիրյանը հայտարարեց, որ Այգեհովտում արագության սահմանափակման «30»» նշանը «թաքնված է», տեսանելի չէ վարորդներին: Արմեն Օհանյանը հայտնեց, որ իրենք պետավտոտեսչության ուշադրությունը կհրավիրեն Այգեհովտի տարածքում երթեւեկության անվտանգության ապահովման խնդրի վրա:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930