Այն թաղել է պետք
Այսօր «Նոյյան տապան» լրատվական-վերլուծական կենտրոնում «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը, խոսելով ապրիլի 9-ին սպասվելիք իրադարձություններից, ասաց, որ «դիակ» հաստատ լինելու է եւ հույս հայտնեց, որ դրա թաղումն էլ կկայանա, քանզի վտանգավոր է «դիակը» երկար թողնել առանց թաղման. «Դիակ ասելով` ոչ թե գործող մարդկանց ի նկատի ունեմ, այլ ներկայացուցչական ժողովրդավարության խրտվիլակը, որը թաղել է պետք: Այն աշխարհում տիրող կապիտալի համակարգն է եւ իրականացնում է երկրների կողոպուտ, ժողովուրդների հիմարացում: Ժողովուրդը ուրիշ կյանք է ցանկանում հաստատել, այնպես որ հրաժեշտ ենք տալու կառավարման գոյություն ունեցող համակարգին եւ սկսելու ենք կառուցել նորը»:
Մանուչարյանը նշեց, որ ներկայացուցչական ժողովրդավարության համաձայն` երկրներն ընտրում են նախագահներ, վարչապետեր, պատգամավորներ. «Թվում է, թե մարդիկ լիազորում են նրանց` կատարելու իրենց կամքը, բայց միթե կարծում եք, որ, օրինակ, ԱՄՆ կոնգրեսի անդամներն այնքան անգրագետ են, որ «բաց թողեցին» համաշխարհային ֆինանսական ճգնաժամը: Նրանք ոչ թե ամերիկացիների, այլ կապիտալի ներկայացուցիչներն են»:
Աշոտ Մանուչարյանն ասաց, որ նպատակահարմար է գտնում իրական ժողովրդավարական համակարգ կյանքի կոչել` հրավիրելով Հայաստանի քաղաքացիների ժողով: «Ժողովուրդը 25 տարի իր ներկայությամբ բոլոր իշխանություններին ապացուցել է, որ կատարել է իր ընտրությունը եւ այդ ընտրությունը նա պարտադրելու է»,-հավելեց նա:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Երևանի ավագանու ընտրություններին, պարոն Մանուչարյանի խոսքով. «Մենք նոր կրոն ենք ընդունել` «ոսկե հորթ», որի հետեւորդները պետք է կուտակեն ոսկի եւ հանուն դրա ոչնչացնեն ամեն ինչ: Այնպես որ, ավագանու ընտրություններն անցնելու են այդ տրամաբանությամբ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ