Եթե երկրորդ նախագահին՝ Ռոբերտ Քոչարյանին հրավիրել եք, որ մասնակցի Սերժ Սարգսյանի երդմնակալությանը, ինչո՞ւ առաջին նախագահին էլ չեք հրավիրել: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս հարցին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ի պատասխան ժպտաց: Նա վստահեցրեց, որ տեղյակ չէ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին հրավեր կա՞, թե՞ ոչ. «Դա թաքցնելու բան չի: Կտրամադրեն ցանկը լրագրողներին: Մենք որեւէ մեկին ի՞նչ ունենք չհրավիրելու»:
Դիտարկմանը, որ Րաֆֆի Հովհաննիսյանին չեք հրավիրում՝ Հովիկ Աբրահամյանը արձագանքեց. «Դե Րաֆֆին ինքը համարում է ինքը ընտրված նախագահ է: Ինքն էլ մեզ չի հրավիրում»,- ասաց Հովիկ Աբրահամյանն ու սկսեց ծիծաղել՝ հորդորելով լրագրողներին իրեն լուրջ հարցեր տալ:
Թե Գագիկ Ծառուկյանը գնալո՞ւ է երդմնակալությանը՝ Հովիկ Աբրահամյանը հորդորեց դիմել Գագիկ Ծառուկյանին. «Ընդհանրապես Գագիկ Ծառուկյանի հետ կապված հարցերով ինչի՞ եք դուք դիմում ինձ: Կամ էլ Գալուստ Սահակյանին դիմեք»:
Թե ինչու են գաղտնի պահում ԱԺ հատուկ նիստին հրավիրվածների ցանկը՝ ԱԺ նախագահը խոստացավ, որ հենց հիմա կհանձնարարի եւ շուտով այն կտեղադրեն ԱԺ-ի պաշտոնական կայքում:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ