Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հարցին՝ վաղվա երդմնակալությանը մտավախություն չունե՞ք, որ կլինեն բախումներ՝ պատասխանեց. «Գոյություն ունեն անվտանգության ծառայություններ, իրավապահ մարմինները, ես վստահ եմ, որ որեւէ մի սադրանքի տեղիք չեն տալու»:
Հովիկ Աբրահամյանը վստահեցրեց, որ Սերժ Սարգսյանը վերընտրվել է նախագահ. «Մնացած բոլոր խոսակցությունները դատարկ խոսակցություններ են: Հիմա կարող է մեկն էլ Մեղրիում ինքը իրեն հորինի նախագահ, մեկը կարող է Շիրակում: Լուրջ մարդիկ ենք մենք, պիտի լուրջ գործով զբաղվենք: Գոյություն ունի ԿԸՀ, գոյություն ունեն նախագահական ընտրությունների ընտրական արդյունքները: Դրանով ենք որոշում փաստը: Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջը իրավական հարթությունից դուրս է»:
Հարցին՝ ստեղծված իրավիճակից ելքը ինչպե՞ս եք տեսնում՝ նա պատասխանեց. «Հաշտ ու համերաշխ աշխատանքի արդյունքում: Բոլորս միասին: Նախագահը կոչ արեց խորհրդարանական, արտախորհրդարանական քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակությանը միասին… օրինակ, շատ լավ առաջարկ է արել Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանին, որ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը ղեկավարի: Իմ կարծիքով, այդ առաջարկը շատ ճիշտ առաջարկ էր, որպեսզի պարոն Հովհաննիսյանին տրվեր հնարավորություն, որ կարողանար իր բարեփոխումները, ինչ խնդիրներ որ տեսնում էր այսօր մեր երկրում, կարողանայինք բոլորս միասին լուծել»: Դիտարկմանը, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է՝ ընտրություններ են կեղծվել, ի՞նչ սահմանադրական բարեփոխումներ՝ Հովիկ Աբրահամյանը հակադարձեց. «Ի՞նչ կեղծիքի մասին է խոսքը, որ մի լուրջ օրինակ չբերեցին: Խոսելով հո չի, պիտի հիմքեր լինի, չէ՞: Բացեցինք քվեատուփեր, հետո՞, ի՞նչ եղավ: Արդյունքներն ի՞նչ եղավ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ