Այսօր «Էկոլուր» մամուլի ակումբում երկրաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Յադոյանը, խոսելով Երևանին սպառնացող վտանգների մասին, ասաց, որ քաղաքը նորակառույց շենքերի հիմքերի ապահովության խնդիր ունի. «Վերջին քսան տարում բոլոր բարձրահարկ շենքերը կառուցվում են առանց հիմնավորման. խոսքը հիմքերի մասին է: Կառուցվող շենքերը մոնիթորինգի տակ պետք է վերցվեն` պարզելու համար` շենքերի տակ հորատումնե՞ր կան, թե՞ ոչ: Բոլոր խոշոր շենքերի համար պետք է պարտադրել կատարել այդ մոնիթորինգը»:
Մասնագետը նշեց, որ Երևանի կառուցվածքի համաձայն` «վերեւից» դեպի իջվածք հոսող ստորգետնյա ջրերը Երևանի տակով են անցնում. «Երևանում նախկինում աղբյուրներ ենք ունեցել, մեծահասակները կհիշեն դրանք: Խնդիրն այն է, որ այդ ջրերը փակվել են, վրան տներ են կառուցվել, իսկ թե ինչ է դրանց տակ կատարվում, ոչ մեկ չգիտի»:
Երկրաբանը հայտնեց, որ Երևանի ընդերքն ունի ջրային երեք հորիզոն, որոնց հետեւանքով ընդերքում ճնշումնային ջրեր են գործում: Ռուբեն Յադոյանն ասաց, որ հատկապես քաղաքի կենտրոնի ընդերքը փխրուն ապարներից է բաղկացած, որոնք հեշտությամբ «լվացվում» են:
«Նման հարցերին ուշադրություն պետք է դարձնել: Սպասում են մի վտանգավոր դեպք լինի, մարդկային զոհեր լինեն, նոր ուշադրություն դարձնեն»,-ընդգծեց Ռուբեն Յադոյանը:
Կարդացեք նաև
Նա նաեւ նշեց, որ պայքարել է պետք Գետառի եւ Ջրվեժի ձորում կատարվող սողանքների դեմ:
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արթուր Ավթանդիլյանը, խոսելով նախաձեռնության` Երևանի քաղաքապետարանի էկոլոգիական հանձնաժողովից դուրս գալուց, ասաց. «Քաղաքապետարանը չի կատարում օրենքով իրեն վերապահված բնապահպանական գործառույթները: Փորձը ցույց տվեց, որ այդ կառույցը կրում է փաստացի PR-ային բնույթ»: Ավթանդիլյանը տեղեկացրեց, որ նախաձեռնության որոշումը կայացվեց այն ժամանակ, երբ խնդիր բարձրացվեց Օպերայի շրջակայքում իրականացվող շինարարական աշխատանքների շուրջ: Ավթանդիլյանի համոզմամբ` դրանցից ավելի շատ տուժում է բնությունը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ