Արձագանքելով ՀՀ կրթության և գիտության նախարարությանը ուղղված հարցումներին` նախարարությունը հարկ է համարում տեղեկացնել, որ ապրիլի 9-ին Հայաստանի բոլոր ուսումնական հաստատություններում ընթանալու է ամենօրյա բնականոն ուսումնական գործընթաց: Ի պատասխան լրատվամիջոցների այն հարցին, թե արդյոք ՀՀ ԿԳՆ-ն լրացուցիչ միջոցներ է ձեռնարկելու վաղվա կապակցությամբ, հայտնում ենք, որ որևէ հավելյալ կարգապահական միջոցառումներ և հրահանգներ գոյություն չունեն, որովհետև ՀՀ օրենսդրությամբ հստակ սահմանվում են կարգապահական հարցերը ուսումնական
հաստատություններում, մասնավորապես, «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ կետերը համապատասխանաբար սահմանում են.
«5. Բարձրագույն ուսումնական հաստատության սովորողը պարտավոր է կատարել բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ և ներքին կարգապահության կանոններով սահմանված պարտականությունները:
6. Բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ և ներքին կարգապահության կանոններով նախատեսված պարտականությունների խախտման դեպքում սովորողի նկատմամբ կարող են կիրառվել կարգապահական տույժեր՝ ընդհուպ բարձրագույն ուսումնական հաստատությունից հեռացնելը՝ ներքին ակտերով սահմանված դեպքերում և կարգով»:
Կարդացեք նաև
ՀՀ կրթության և գիտության նախարարություն