Դոնեցկի «Շախտյորի» հարձակողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երեկ Կիեւի «Դինամոյի» հետ խաղում դուբլ գրանցելով («Oլիմպիյսկի» ստադիոնում հայտարարել էին, թե այն որպես ինքնագոլ գրանցվում է դինամոյական Դանիլո Սիլվայի անվան դիմաց), ավելի ամրապնդեց Ուկրաինայի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուի դիրքերը: Նա «Շախտյորի» կազմում անցկացրել է 22 խաղ եւ մրցակիցների դարպասը գրավել 21 անգամ: Համեմատության համար ասենք, որ Մխիթարյանի գլխավոր մրցակիցը` Կիեւի «Դինամոյի» նիգերիացի ֆուտբոլիստ Բրաուն Իդեյեն, խփել է 13 գոլ:
Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության ավարտից յոթ տուր առաջ Հայաստանի ազգային հավաքականի անդամին մնում է խփել եւս մեկ գոլ, որպեսզի կրկնի երկրի առաջնություններում արդյունավետության ռեկորդը, որը պատկանում է Սերգեյ Ռեբրովին (1997/98 թթ. մրցաշրջան) եւ Մաքսիմ Շացկիխին (2002/03 թթ. ):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ