Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ բարձր ղեկավարությունը հավանություն տվել է, բայց տարածք չի կարողանում գտնել

Ապրիլ 08,2013 14:06

Հայ ոսկերիչների միության նախագահ. «Հայաստանի շուկան փոքր է, տեղի ոսկերիչները հազիվ են աշխատում, մենք չենք ուզում վնասել իրենց: Մեր` այստեղ ոչ մի բիզնեսմեն չպիտի տուժի, միայն պիտի օգտվեն: Մեր խնդիրը Հայաստանի իմիջը բարձրացնելն է»:

«Հայաստանում ոսկերչական ազատ տնտեսական գոտու ստեղծման ծրագիրն արժանացել է ՀՀ բարձրագույն  ղեկավարության հավանությանը»,-այսօր էկոմոնիկայի նախարարությունում վստահեցրին ոլորտի պատասխանատուները: Սակայն բանն այն է, որ Հայ ոսկերիչների միության եւ Ռուսաստանի ոսկերիչների գիլդիայի նախագահ Գագիկ Գեւորգյանը, որը նախաձեռնել է ստեղծել այդ գոտին, ազատ տնտեսական գոտու համար ոչ մի կերպ հարմար տարածք չի գտնում: Այդ գործի համար կպահանջվի 20 հազար քառակուսի մետր տարածք:
Aravot.am-ի հետ զրույցում պարոն Գեւորգյանն ասաց, որ աշխատանքներն արդեն սկսելիս են եղել, սակայն վերջին պահին տարածքի սեփականատերը հրաժարվել է

այն վաճառել. «Ընդհուպ շինարարներ էինք վարձել եւ պատրաստվում էինք վերանորոգում անել, բայց գործարքը չկայացավ: Եթե լիներ, շատ արագ կարող ենք կազմակերպել այդ հարցը»: Մեր հարցին, թե «ՀՀ բարձր ղեկավարությունը» չի՞ կարող աջակցել տարածք գտնելու հարցում, հատկապես, որ նախնական կանխատեսումներով ոսկերչական ազատ տնտեսական գոտու ստեղծմամբ մոտ 3000 աշխատատեղ է բացվելու, պարոն Գեւորգյանն ասաց. «Կառավարության մեր գործընկերները մեզ ծանոթացնում են այն մարդկանց հետ, որոնք ունեն այդպիսի տարածքներ, որպեսզի բանակցենք, բայց առայժմ հարմար տարածք չենք գտնում»:

Մեր այն դիտարկմանը, թե ՀՀ կառավարությունը որոշել է մասնավորեցնել Երեւանի ոսկերչական գործարանը, այն հարմար չէ՞ ազատ տնտեսական գոտու համար, մեր հարցին, Գագիկ Գեւորգյանն ասաց`«Շատ հարմար է, հատկապես` տեղը, սակայն գործարանի տարածքն ընդամենը 10 հազար քմ է, բայց մեզ ավելի մեծն է հարկավոր»:

Կարեւորելով այդպիսի գոտու ստեղծումը Հայաստանում, պարոն Գեւորգյանն ասաց.
«Մեր այս ողջ աշխատանքի ամենակարեւոր նպատակն այն է, որ Հայաստանը դարձնենք համաշխարհային ոսկերչական կենտրոններից մեկը, որին արժանի ենք, որովհետեւ մեր հայ ոսկերիչները ամբողջ համաշխարհային ինդուստրիայի 7-8 % են կազմում: Հսկա թիվ է եւ եթե դրա չնչին մասն էլ բերենք Հայաստան, մեր երկիրը կդառնա համաշխարհային կենտրոններից մեկը: Հարյուրավոր բիզնեսմեններ՝ հայ, իտալացի, ֆրանսիացի, կգան այստեղ իրենց բիզնեսները բացելու, դա Հայաստանի համար մեծ պատիվ է դրսում, աշխատատեղեր կբացվեն, կուլտուրա, տեխնոլոգիա կներմուծվի: Մեր միակ անհանգստությունը տեղի խնդիրն է»:

Վերջերս ոսկերիչների միջազգային համաժողովի ժամանակ արտերկրի ոսկերիչ-մասնագետները կարծիք հայտնեցին, որ Հայաստանում ոսկերիչների գործերում «խաբեությունը» շատ է, ինչն էլ գցում է նրանց հեղինակությունը:

Անդրադառնալով մեր այս դիտարկմանը, պարոն Գեւորգյանն ասաց. «Մենք հիմա մտածում ենք երիտասարդների վրա շեշտադրում անել: Արդեն երկու դպրոց ենք բացել: Նոր սերունդը, կարծում եմ, փորձեր չունի խաբեությունների, նաեւ մարքեթինգի կուլտուրան կբերենք Հայաստան, ինչի պակասը նույնպես կա, տեխնոլոգիաներ էլ կբերենք, ամեն ինչ կբերենք, մեզ միայն տեղ տվեք՝ գանք աշխատենք»: Ըստ Գ. Գեւորգյանի. «Հոյակապ վարպետներ ունենք: Լավ վարպետը մեր արյան մեջ է, հայ երիտասարդները տաղանդավոր են: Մեկ րոպե անգամ կարող եք չկասկածեք, որ այս ծրագիրը հաջող կլինի»:

Ազատ տնտեսական գոտու սահմանները պետք է փակ լինեն: Պայմաններից մեկն է արտադրանքը վաճառել Հայաստանի սահմաններից դուրս: Եթե պահանջարկ լինի ներսում, ապա ազատ տնտեսական գոտու սահմաններից ներս ոսկու բիզնեսով զբաղվող գործարարը պետք է իր ապրանքը Հայաստան ներմուծի համապատասխան հարկ վճարելուց հետու: Սակայն  ինչպես պարոն Գեւորգյանն է վստահեցնում, իրենք նպատակ չունեն Հայաստանի ներսում աշխատող ոսկերիչների գործին խփել. «Հայաստանի շուկան նախ փոքր է եւ երկրորդ՝ տեղի ոսկերիչները հազիվ են աշխատում, մենք չենք ուզում վնասել իրենց, Հայաստանում մենք միայն պետք է օգտակար լինենք, ոչ մի բիզնեսմեն չպիտի տուժի մեր` այստեղ գալով, միայն պիտի օգտվեն: Մեր խնդիրը Հայաստանի իմիջը բարձրացնելն է, մեր երկիրը կդիտվի լուրջ բիզնես կենտրոն, այսօր դրսում Հայաստանի իմիջի խնդիր կա»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930