Լրահոս
Օրվա լրահոսը

Կեսօրից հետո

Ապրիլ 08,2013 13:58

 Սարմեն Ղահրամանյան

 Արցախյան ազատամարտի նահատակ 32 երիտասարդ խրամորթցիների հիշատակին:

«Եւ հաստա՞տ է ձեր ուխտը, Լեռան որդիներ։ Եւ ո՞ւմ եք թողել ձեզ համար, միայն ձեզ համար, հենց ձեզ համար ծնված հրեղեն աղջիկները»։

                                                                                                             Մ. Գալշոյան

«Ինտերնացիոնալիստ լինելու համար նախ պետք է հայրենիք ունենալ»։

Դյուամել

 

 

Եւ Էդգարը, երեւի, էլի շարունակեր, բայց Համիկը, բիձեքի հետ շփվող ու բիձավարի, գյուղի զի՜լ դոդերից մեկը, վեր թռավ ու՝ ձիգ, զիլ կանգնեց խրամատում ու իրենից 20-25 տարով մեծ Էդգարին մեծավարի, բիձավարի-զիլ սաստեց, կտրուկ սաստեց ու ասաց՝ չես ամաչո՞ւմ,  դու չես ամաչո՞ւմ,  բոլորս էլ՝ կին, քույր, մայր, աղջիկ ունենք, դու  չես ամաչո՞ւմ, որ կանանց մասին էդ կարգի բաներ ես մտածում-ասում։ Եւ Համիկի պատմությունն ուրիշ պատմություն էր, ու տղաները փորները բռնեցին։ Ու  Համիկի՝ գյուղի զի՜լ դոդերից մեկի պատմությունն ուրիշ էր ու… «Աստծու տվածն» էր՝ բիճ էր, մայրը՝ կիսախելառ, կիսագիժ, Համիկին պատահական թփի տակ-պատահական գեղջուկից էր անկապ-բնազդով վաստակել, ինքը-Համիկը՝ կիսախելառ ու կիսագիժ, մոր թափթփվածությունից փոքր ժամանակ կրակին ընկել՝ երեսը, բերանը  վառել ու հիմա դեմքը-երեսը մի բուռ-կնճռապատված, շիլ աշքերով մսակտոր, ինքն էլ ու մայրն էլ՝ իրենց արտաքինին հայելու դեմ պինդ կանգնել-պինդ հավանել են ու հիմա մոր հետ իրենց խոսակցություններում կանգնում ու հերթով ու միասին գյուղին ձաղկում են, հերթով ու միասին ձաղկում են իրենց խոսակցություններում գյուղին ու բոլորին, ու, թե խոսակցության մեջ մայրը տղային հարց տվեց՝ ո՞վ, է՜, եւ Համիկը վստահորեն-անպայման շեշտելու ու նկարագրելու էր «տեսածը»՝ դե՝ ո՛վ՝ դե, էն՝ շիմպանզե-կապիկի նման-շիմպանզե-կապիկից ծնվածը, եւ մայրը որդու հավանության տակ համերաշխորեն հաստատելու է որդու նկարագրածը՝ ըըը՜մ, ես էլ ասեմ՝ ո՞ւմ է ասում՝ գիշերը, որ դեմդ ելավ՝ սիրտդ կճաքի։ Եւ մայրն էլ ու Համիկն էլ՝ կին-տղամարդ  փոխհարաբերությունից բեխաբար, սակայն Համիկը հենց եկավ-հասավ 22-23 տարեկանին, գյուղամիջում, հարեւանների ու մոր դեմն ու առաջ կանգնեց եւ անտեղի-կորսված անցյալից հուսաբեկված՝ մորն ու բոլորին  ահաբեկեց իր ապագայից։ Ու հարեւանների հասուն տղաների խոսքերը լսել էր, երեւի լսել էր, ու նրանց տոնով ու նրանց նման կանգնեց ու մորն ասաց, ասաց՝ բա դու մեր ե՞ս, հը՜, դու մեր ե՜ս, բա դու չես ասո՞ւմ՝ տղաս  արդեն եկել-մեծացել է, եկել-մեծացել է արդեն, ու ամբո՜ղջ օրը, ամբո՜ղջ օրերով կոլխոզի տրակտորների գարաժում՝ քսայուղի,  մրի-փոշու մեջ կորած՝ տանջվում է, տանջամահ է լինում մենակ. բա խի՞ մի կին չբերեմ՝ տղայիս կնություն անի, բա տղայիս ապագան ես ո՞նց եմ տեսնում առանց հառնի։ Ես ո՞նց եմ տեսնում տղայիս ապագան առանց կողքը կանգնած հառնի: Ու կողքի հարեւաններով մորը համոզեցին, եւ մերը չեմուչում էր անում ու զարմանում էր՝ Համիկին կին ենք բերում, որ՝ ի՞նչ, որ ի՞նչ անի, շորերն է՝ լվանում եմ, հացն է՝ պատրաստում եմ. էդ ուրիշ կինը պիտի  գա-ուրիշ ի՞՛նչ անի մեր տանը, մի ավել, հաց ուտող բերան էլ պիտի ավելանա՝ չէր համաձայնվում, երկար ժամանակ կողի ընկել-չեմուչում էր անում՝ մինչեւ հարեւանները համոզեցին եւ «կապը կտրած, 19 տարեկան տղան տակը հառնը» բերեցին Համիկին կին։ Եւ, ինչպես բոլոր պարտավորված բոզերը՝ մաքրասեր, ժիր, ավլող-թափող, «ընկերական», եփող-սարքող, մեծահոգի, կչկչան ծիծաղը՝ բերանում, լավ  կրծքերով-կոնքերով, շարմաղ-ջահել կնիկ՝ «Համիկը եղունգը չարժի»։ Ու «դուրս պրծածի» նման հաջորդ օրը հետաքրքրասեր հարեւանուհիների՝ հը՛, ո՞նց էր,  մի բան եղա՞՛վ՝ հարցին ասաց, ասաց՝ մինչեւ կեսգիշեր տղայիս հետ դոմինո էր  խաղում, դեմը խալաթս հանեցի-հագա, մի ուրիշ տղամարդ երեւի կգժվեր, իսկ  սրա հեչ պետքը չէր՝ անկապ, սովորական նայում էր, հետո ասաց՝ տղա՛ ջան, իմ  տղային ասաց, ասաց՝ տղա՛ ջան, դպրոցում լավ կսովորես, որ չխայտառակվեմ։ Խալաթը ձեռքիս, մերկ մոտեցա, ասացի՝ 19 տարեկան է, ի՞նչ  դպրոց, ասաց՝ բա բոլորի տղա-տղերքը դպրոցում են սովորում, իմը չի սովորելո՞ւ,  հետո ասաց՝ խալաթդ հագիր, գիշերները ցուրտ է անում՝ հանկարծ չմրսես, ու գնաց-իր համար քնեց։ Գիտե՞ք, ինչ տղամարդիկ եմ տեսել, ի՜նչ տղամարդկանց հետ եմ շփվել, որ էդ խանձված  դեմքով վրաս կռանա՝ սիրտս կթափեմ, լավ է՝ ոչ մի բան չի հասկանում։ Իմ  ընկերությունը ուրիշ տեղ կանեմ, երեխայիս հետ չոլերում եմ մնացել՝ տուն-տեղ չունենք, միայն թե՝  տեղ տան՝ ապրենքքնենք, տեղ ունենանք՝ ապրենք-քնենք. շորերը կլվանամ-կարդուկեմ, հացը կպատրաստեմ, տունը կմաքրեմ՝ շատ փնթի են։ Միայն թե՝ խելառ մերը հոգիս չհանի, գնում-գալիս է, գնում-գալիս է, թե՝ Համի՛կ, նայի-հա՜, աչքդ վրաները պահի՝ տաշտից հաց չպակասի, գողություն չանեն, ասում են՝ հառների կեսը իրենց տներից գողություն անում՝  հերանց տներն են տանում, հերանց տներն են կրում-տանում՝ բայց ինձ որտեղի՞ց՝ «հերանց տուն»…

Եւ Համիկի պատմությունն ուրիշ էր ու ինչպես խաղաղ օրերին տրակտորիստ-մեխանիկ Լյովայի աջ թեւն էր իրեն երեւակայում, հիմա էլ հրամանատար-Լյովայի աջ թեւն էր ինքնակամ ստանձնել, ու որտեղ Լյովան ալարում էր տղաներին սաստել-խրատաբանել՝ ինքն էր անում, ու հիմա իրենից 20-25 տարով մեծ Էդգարին շատ կտրուկ, մեծավարի-բիձավարի սաստեց, սաստեց ու ասաց՝ չես ամաչո՞ւմ, դու չես ամաչո՞ւմ, բոլորս էլ՝ կին, քույր, մայր, աղջիկ ունենք, դու  չես ամաչո՞ւմ, որ կանանց մասին էդ կարգի բաներ ես մտածում-ասում։ Ու տղերքը  հռհռացին, եւ Էդգարն ասաց՝ վա՜յ, Համի՞կ, եւ Համիկն ասաց՝ հա՛, ի՞նչ կա՝ «վա՜յ-Համի՞կ», եւ Էդգարն ասաց՝ ստեղ ե՞ս,  ու Համիկն ասաց՝ հա՛, ի՞նչ կա՝ «ստեղ ե՞ս», հա՛՝ ստեղ եմ, ու Էդգարն ասաց՝ դե մի ասա՝ սողա՜ն, եւ Համիկն ասաց՝ հա՛, ի՞նչ կա՝ սողա՜ն, եւ Էդգարն ասաց՝ ճուճուլդ կենա պողա՜ն, եւ Համիկն իբր թե առաջին անգամ էր լսում ու Էդգարին ասաց՝ ա՛, չես ամաչո՞ւմ,  մեծ-եքա մարդ ես՝ չես ամաչո՞ւմ, եւ Էդգարը նկատողությունը սիրալիր անտեսեց, ասաց, շատ սիրալիր ասաց՝ բա հառնը ո՞ւմ մոտ ես թողել, տղերքը հռհռացին, եւ Համիկն ասաց՝ ո՞ւմ մոտ, տղայիս ու մորս մոտ եմ թողել՝ ո՞ւմ մոտ պիտի թողնեի։ Եւ Էդգարն ասաց՝ տղադ  քանի՞ տարեկան է, ու Համիկն ասաց՝  21, եւ Էդգարն ասաց՝ բա դու քանի՞  տարեկան ես, եւ Համիկն ասաց՝ 25, բայց արդեն 26-ի մեջ եմ, եւ Էդգարը զարմանք խաղալով ու զարմացած ձեռքերը տարածեց ու ասաց՝ բա էդ ո՞՛նց է լինում։ Ու տղաները նորից հռհռացին, եւ Համիկը չէր հասկանում՝ ինչ էր  կատարվում, ու Էդգարը ինքնաձիգը Համիկին տվեց ու ցույց տվեց , թե իբր վեր  է կենում, ա՛ռ, ասաց՝ ես գնացի հառնիդ մոտ, ու Համիկն՝ այյայլվեց, բորբոքվեց, եւ  ասաց՝ ինչի՞ ես գնում, Էդգարը, թե՝ գնում եմ՝ նայեմ, որ չբացվի, Համիկը, թե՝ մի՛ վախեցիր, տեղդ նստիր, չի բացվելու, Էդգարը, թե՝ ինքը մեծ, լխլխան հառն ա,  կռավատն էլ՝ փոքր, ի՞նչ իմանաս՝ կբացվի՞, չի բացվի՞։ Գնամ՝ նայե՞մ-գա՛մ։ Եվ ասաց՝ ուզո՞ւմ ես, դու էլ գնա իմ հառնին նայի, թե մրսում ես, գնա մեջքդ-մեջքին դեմ տուր-քնիր, ես էլ գնամ մեջքս քո հառնի մեջքին դեմ տամ՝ մրսում եմ։ Ու տղերքը նորից հռհռացին եւ Համիկը բորբոքվեց, այլայլվեց, ու ասաց՝ ա՛, քանի մեծանում ես՝ լրիվ բարբադ ես դառնում՝ դու իմ հառնի մեջքի  հետ ի՞նչ գործ ունես, հը՛, դու ի՞նչ գործ ունես իմ հառնի մեջքի հետ։ Էդգարը խաղը լավ էր սկսել, տղերքի տրամադրությունը ահագին բարձրացել էր, էդ դեպքերում էդպես էին անում ուրիշները, եւ Համիկը դատարկ գրպանները փնտրելով ու բան չգտնելով, մեծավարի-բիձավարի, նյարդայնացած ասաց, ասաց՝ ա՛, մի պապիրոս տվեք՝ ծխեմ, սիրտս վառեց էս տղան իր խոսքերով, եւ տղաները խայծը գցեցին միաբերան ու միաբերան ասացին՝ չկա՝, չունե՛նք, ո՞ւր է, զըռերը  մեզ պապիրոս տալի՞ս են, որ քեզ տանք, եւ Համիկն ասաց՝ ա՛, սենց բան կլինի՞, հողը մենք ենք պահում, մենք ենք զոհվում, բայց սաղ պապիրոսները զըռերն են ծխում՝ մի հատիկ «պրիմա» էլ չունենք՝ ծխենք-մեռնենք, իսկ  մեծերը ծխելով-գալիս՝ մեզ հրահանգում-փախչում են ծխելով կենդանի-կենդանի: Չեն դիմանում առաջին գծին՝ հրահանգում-փախչում են, բայց տես, որ սեւ կոթով-«մարլբորո» են ծխում։ Ու Լյովան վազքով-վազելով եկավ-Համիկի գլխավերեւը կանգնեց ու ասաց՝ դե մի ձենդ կտրի, մի ձենդ կտրի՝ ասում եմ, թե սեւ կոթով-«մարլբորո» դո՛ւ  որտե՞ղ ես տեսել, որ էդպես խոսում ես, դու էլ մարդ դառար-մեջ ընկար, ես ասում եմ՝ ղուրդի-ղուրդի  մի գցեք իրար մեջ, իրար մի կերեք, բայց հիմա էլ դու սկսեցիր ու մեծերին կպար։ Ու Համիկն ասաց՝ հա՞, Լյովա՛, հա՞, «ես էլ մարդ դառա»՝ հա՞: Ու, թե ուզում ես իմանաս՝ հենց ես եմ մարդը: Ե՛ս եմ մարդը: Ու՝ ես, եւ ինձ նման տղաներն են պահում էս ձորակն ու էս հողերն ու էս երկիրը՝ դե՝ իմացիր: Ու տղաները քռքռում էին ու Համիկը չէր հանդարտվում եւ ասաց՝ «հը՜մ՝ դու էլ մարդ դառար». ա՛, բա սատանան ասում ա՝ էդ զենքդ-մենքդ վայր գցիր-դեն շպրտիր-գնա երեւաններում-մոսկվաներում ոտդ-ոտիդ գցած էդ կաֆեներում սուրճ-թեյ խմիր քո համար-ուրիշների նման… Ու Աշոտը կողքից կամաց հուշեց ու կամաց ասաց՝ լավ քամակով-կրծքերով-քարտուղարուհիներով-բանով… դուք էլ ստեղ առանց ինձ կոտորվեք… Ու Համիկը բարձրաձայն-այլայլված ասաց՝ ա՛, բա սատանան ասում ա՝ թո՛ղ, զենքդ-մենքդ թո՛ղ-դեն շպրտիր-գնա երեւաններում-մոսկվաներում լավ քամակով-կրծքերով-քարտուղարուհիներդ դեմդ-առաջդ գցած՝ էս կաֆեն մտի, էն կաֆեն մտի՝ ոտդ-ոտիդ գցած սուրճ-թեյ խմիր քո կայֆերով-բաներով ուրիշների նման, ու թո՛ղ, թող, որ ստեղ կոտորվեն առանց քեզ: Ու Լյովան տղաների հռհռոցների տակ գրպանները փնտրտելով՝ մի ծռմռված-ճմռթված «պրիմա» գտավ-հանեց ու փչեց-վրան քսմսված թութունները-թափ տվեց-մաքրեց ու ձգեց-երկարեցրեց-ուղղեց ու Համիկին մեկնեց ու ասաց՝ ա՛ռ, ա՛ռ քո սեւ կոթով-«մալբորոն»՝ ծխի ու էլ ափեղ-ցփեղ դուրս մի տուր՝ «զըռերը՜», «մեծերը՜»… եւ քեզ խիա՞ թվում, թե երեւաններում-մոսկվաներում միայն ոտները-ոտներին գցած՝ սուրճ-թեյ են խմում կաֆեներում ամբողջ օրերով՝ ընդեղի սովածն էլ սոված է: Ու Համիկը ձեռքով-հարգանքով խփեց Լյովայի ձեռքին ու զգացված «պրիման» վերցրեց Լյովայից ու զգացված-մեծավարի ասաց՝ ապրե՛ս, ու հետո ասաց՝ սիրտս վառեց էդ Էդգարն իր խոսքերով, ու գլուխը թափահարեց մեծավարի ու մեծավարի ասաց՝ ո՞նց կարելի է կանանց մասին էդ կարգի բաներ ասել-մտածել, ո՞նց կարելի է… Ու Աշոտը կողքից կամաց հուշեց ու կամաց ասաց՝ կինը՝ դա սրբություն է, ու Համիկը մեծավարի պապիրոսը կպցնելով-մեծավարի-բարձրաձայն ասաց՝ սաղս էլ գիտենք, որ կինը՝ դա սրբություն է՝ ո՞նց կարելի է՝ չեմ հասկանում: Բայց Լյովայի խոսքերի ազդեցության տակ էր, ու ասաց՝ ա՜, էս ի՞նչ է ասում, ո՞նց թե՝ քեզ խիա՞ թվում… Ա՛, «թվում» չի, է՜, էդպես էլ կա՝ բա էլ ի՞նչ քաղաք, էլ ի՞նչ քաղաքի բնակիչներ, որ սաղ օրը ոտը-ոտներին գցած կաֆեներում չնստեն, բա ուրիշ ինչո՞վ են զբաղված: Ու Էդգարն ասաց՝ «ինչո՞վ են զբաղված»՝ հեչ, մեր նման ամբողջ օրերով հորթի պոչից բռնած՝ տանում են աղբյուրի ջուրը՜ ու՝ հետ բերում, տանում են աղբյուրի ջուրը՜ ու՝ հետ բերում՝ ինչո՞վ պիտի զբաղված լինեն՝ գործո՛վ:

Շարունակելի…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930