Արտակ Շաբոյանը վստահեցնում է, որ այլ ընկերություն այդքան ներդրում չի անի
«Որպես տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ, ինչպե՞ս կբացատրեք, որ մեր շաքարավազի շուկայում 99 տոկոսը զբաղեցնում է մեկ ընկերություն: Կարո՞ղ եք բացատրություն տալ այդ երեւույթին, որ մի ընկերություն տարիներով այս շահութաբեր շուկան զբաղեցնում է 99%-ով»,-ԱԺ-ում այսօր այս հարցը ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին ուղղեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Արտակ Շաբոյանը պատասխանեց. «Շաքարավազի շուկայի մասին մենք շատ ենք խոսել: Նախ ասեմ, որ մեր երկրում մենաշնորհներ չկան, խոսքը չի վերաբերում բնական մենաշնորհներին, ասենք՝ «ՀայՌուսգազարդ» եւ այլն: Կան գերիշխող դիրք ունեցողներ, իսկ գերիշխող դիրք ունենալը օրենքով չի արգելվում: Խնդիրը գերիշխող դիրք ունեցողներին չարաշահումներ թույլ չտալն է: Գների մակարդակը որ քննարկվում է, ես կարող եմ ասել, որ վաճառքի գները գտնվում են հնարավոր նվազագույն մակարդակի վրա: Իսկ ինչու է խոշոր բաժին զբաղեցնում «Ալեքս Գրիգը», դա էլ իր տրամաբանական բացատրությունն ունի, հումքը ներկրվում է, տեղում մեր հանրապետությունում շաքարավազի արտադրություն է իրականացվում, մեծ ծավալի ներդրումներ են լինում: Շաքարավազի գծով առաջարկը ավելի շատ է, քան պահանջարկը: Ես չեմ կարող պատկերացնել, որ երկրորդ ընկերություն լինի, որը ներդրումներ իրականացնի այդքան եւ կարողանա արտադրել»:
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Ասում եք շաքարավազի շուկան սահմանափակ է, հյութի շուկան էլ է, չէ,՞ սահմանափակ»:
Կարդացեք նաև
ՀԱԿ պատգամավորը նաեւ խնդրեց սահմանել օլիգարխիան եւ ասել, թե ովքեր են օլիգարխներ. «Հիշեցի Սերժ Սարգսյանի այն արտահայտությունը, թե ՀՀԿ-ում օլիգարխներ չկան: Ո՞րն է ձեր պատկերացմամբ օլիգարխը եւ օլիգարխիան, քանի որ դա տնտեսության ամենակարեւոր պրոբլեմներից է»:
Արտակ Շաբոյանը օլիգարխիայի սահմանումը չտվեց՝ ասելով, որ դա մրցակցութային դաշտում չի գտնվում. «Մեզ չի հետաքրքրում, թե որ ընկերության սեփականատերն ով է: Եթե կոնկրետ ընկերությունների վերաբերյալ ունենաք փաստեր, չարաշահումներ, ես խնդրում եմ դրա մասին մեզ տեղյակ պահել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ