Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կարֆուրի» խնդիրը՝ ԱԺ-ում

Ապրիլ 08,2013 13:20

Այսօր ԱԺ-ում շարունակվեց նախորդ նիստում սկսված ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանությանն պետական հանձնաժողովի 2013-ի գործունեության ծրագրի քննարկումը:

 

ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանից հետաքրքրվեց՝ Սուրբ Զատկի տոներին մեծ պահանջարկ ունեցող ձվի ապրանքային շուկայում տնտեսվարողների մեջ լինում են որոշակի պայմանավորվածություններ եւ գների բարձրացում. «Դուք մոնիտորինգ արե՞լ եք, արդյոք այս տարի եղե՞լ է նման պայմանավորվածություն»:

Արտակ Շաբոյանը պատասխանեց, որ իսկապես ձվի շուկայում չարաշահումներ են եղել, սակայն Նոր տարվա նախաշեմին եւ Զատիկին խիստ վերահսկողություն են սահմանել այդ շուկայում. «Մարտի 1-ից վերջին մեկ ամսվա ընթացքում ձվի շուկայում գնային փոփոխություններ տեղի չեն ունեցել»: Նա նաեւ նշեց, որ կերի գները բարձրացել են, դրա համար անցյալ տարվա համեմատ բարձրացել են նաեւ ձվի գները:

Սամվել Ֆարմանյանը նաեւ «Կարֆուրի» մասին հետաքրքրվեց, թե ինչո՞ւ խոչընդոտներ եղան ՀՀ շուկա եւ արդյոք ՏՄՊՊՀ- ն որեւէ իրավասություն ունի ուսումնասիրություն կատարել եւ պարզել, թե ինչու նման հասարակական հնչեղություն պետք է ստանա որեւէ միջազգային խոշոր ընկերության մուտքը Հայաստան:

Հանձնաժողովի նախագահն ասաց, որ ԶԼՄ-ներով եւ սոցցանցերով բազմիցս հրավիրել են քննարկման, բայց մինչ օրս ոչ մի արձագանք «Կարֆուր» ընկերության կողմից չի եղել:

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դժգոհեց. «Կարֆուրի վերաբերյալ դուք երկու անգամ է, ասում եք՝ հրավիրել ենք, ասուլիս ենք արել: Դուք պետք է ուսումնասիրություններ իրականացնեք նաեւ մամուլի հրապարակումների հիման վրա, ոչ թե հրավիրեք, որ գան: Ի՞նչ նշանակում ասուլիս եմ արել, ասել եմ՝ թող գան, քննարկենք: Ձեզ չի՞ հետաքրքրում, թե մրցակցության ոլորտում ինչ է կատարվում: Հաշվետվության մեջ նշում եք շուկաների հասանելի լինելու պրոբլեմը, բայց ասում եք՝ ով պրոբլեմ ունի, թող ինքը գա մեզ դիմի»:

Արտակ Շաբոյանը ՀԱԿ պատգամավորին պատասխանեց. «Մենք բոլոր հնարավոր միջոցներով փորձել ենք «Կարֆուրի» ներկայացուցիչներին հրավիրենք քննարկման, որպեսզի իմանանք՝ ինչ պրոբլեմ է: Մեզ պետք են կոնկրետ փաստեր, որ մենք ուսումնասիրությունների ուղղությունը իմանանք, վերացական անել դա բավարար չէ՝ ասելու, որ խնդիր կա թե չկա: «Կարֆուրը» միջազգային ճանաչում ունեցող ընկերություն է եւ կաշկանդված չի: Եթե իրականում կան խնդիրներ, ապա ընկերությունը պարտավոր է գալ եւ ներկայացնել: Մենք պատրաստ ենք անգամ հրապարակային քննարկումներ կազմակերպել»:

Պատասխանը չբավարարեց Նիկոլ Փաշինյանին: Նա նետեց, որ գոնե նամակ գրեիք ընկերության ֆեյսբուքյան էջին կամ էլփոստով, ոչ թե ասուլիսով հրավիրեիք: Արտակ Շաբոյանը հակադարձեց. «Մենք բոլոր հնարավոր միջոցներով դիմել ենք, եթե դուք ավելի ռեալ հնարավորություն ունեք իրենց հետ կապվելու, խնդրում եմ իրենց հետ կապվեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930