Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լրացուցիչ կենսաթոշակը, ՀՀ պատմական անցյալը, ռեժիմն ու ՀԱԿ կուսակցության ծրագիրը

Ապրիլ 08,2013 13:13

ՀԱԿ կուսակցությունը (ՀԱԿԿ) ներկայացրել է իր ծրագրի ու կանոնադրության նախագիծը: Ըստ ՀԱԿԿ կանոնադրության` կուսակցության նպատակն է ազատական, ժողովրդավարական սկզբունքների հիման վրա ապահովել ՀՀ քաղաքական, տնտեսական և հոգևոր զարգացումը: Ըստ այդմ` ՀԱԿԿ-ի անդամ կարող է դառնալ 18 տարին լրացած, կուսակցության անդամ լինելու իրավունք ունեցող ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, ինչպես նաև ՀՀ ընտրական իրավունքով օժտված անձ, որն ընդունում է կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունը, ցանկանում է մասնակցել վերջինիս գործունեությանը և չի հանդիսանում այլ կուսակցության անդամ:

ՀԱԿԿ-ի ծրագիրը սկսվում է պատմական ակնարկով: Այստեղ ներկայացված է հայ ժողովրդի պատմական ուղին` սկսած օտարի տիրապետության տակ գտնված տարիներից, մինչև 1918-ին պետականության վերականգնում, Ղարաբաղյան շարժում, 1998-ի պետական հեղաշրջում: Անդրադարձ է կատարվում նաև ՀԱԿ-ի ձևավորած համաժողովրդական շարժմանն ու ռեժիմի հակազդեցությանը: Որպես մուտքի ամփոփում` նշված է. «Արդեն շուրջ 15 տարի Հայաստանն ապրում է ոչ օրինակարգ իշխանության եւ սահմանադրական կարգի խաթարման պայմաններում։ Այս հանգամանքը թելադրում է Ծրագրում ունենալ որոշակի առաջնահերթ, մեկանգամյա լուծելիք խնդիրներ, առանց որոնց անիմաստ է հասարակական կյանքը սոցիալ-ազատականության կամ քաղաքական որեւէ այլ գաղափարախոսության վրա վերափոխելու որեւէ ծրագիր»:

Ծրագրում ամրագրված հիմնական քաղաքական սկզբունքներն են «անկախ պետականությունը, ժողովրդավարությունը, իրավական պետությունը, սոցիալական արդարությունը»:

Արժեհամակարգային հիմնադրույթներից են «հայոց լեզուն և ազգային մշակույթը, քաղաքացին, խաղաղությունը, ազատությունը, սոցիալական արդարությունը»:

Ծրագրի Արտաքին քաղաքականություն բաժնում ՀԱԿԿ-ն ամրագրում է, որ «Հայաստանը ներկա ռեժիմի օրոք շեղվել է համաշխարհային գործընթացների գլխավոր մայրուղուց, դատապարտվել քաղաքական եւ տնտեսական մեկուսացման, դուրս մնացել տարածաշրջանային զարգացման ծրագրերից եւ հայտնվել երրորդ աշխարհի հետամնաց երկրների շարքում։ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը պետք է ուղղված լինի տարածաշրջանում եւ աշխարհում կայուն խաղաղության եւ տնտեսական համագործակցության ապահովմանը»: Սոցիալական քաղաքականություն բաժնում կուսակցությունը ներդնում է «լրացուցիչ կենսաթոշակ» հասկացությունը ու նշում. «Պետական պարտադիր վճարումներից ձևավորվում է կայուն, երաշխավորված պետական կենսաթոշակը։ Դրան պետք է ավելանա լրացուցիչ կենսաթոշակը՝ քաղաքացիների կամավոր եւ գործատուների պարտադիր վճարումներից»։

ՀԱԿԿ-ն առաջարկում է ապահովել համակարգ, որը կնպաստի «ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու վերարտադրողական առողջության ապահովմանը», առաջարկում է բարձրացնել երեխաների ծննդյան համար մայրերին տրվող միանվագ նպաստները՝ այն կապելով միջին աշխատավարձի հետ։

Կրթության բնագավառի ֆինանսավորման առումով կուսակցությունը նպատակահարմար է համարում ներդնել «Սովորողների ֆինանսավորման կրթության պետական հավաստագրման քարտային անհատական համակարգ, որպեսզի ֆինանսավորվեն ոչ թե դպրոցները, այլ աշակերտները»:

Մշակութային հաստատությունների նոր`տարբերակված համակարգի գործունեությունը ևս կուսակցության համար ծրագրային հիմնադրույթ է: Ըստ կուսակցության` ապակենտրոնացված համակարգի անցումը կապահովի մշակութային հաստատությունների եւ ստեղծագործական նախաձեռնությունների սեփականության, ղեկավարման, ֆինանսավորման ձեւերի բազմազանությունը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930