Այսօր «Վարկած» ակումբում «Առաքելություն» կուսակցությունից Մանուկ Սուքիասյանն ու Մեսրոպ Առաքելյանը խոսեցին Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար իրենց նախընտրական ծրագրի մասին:
«Առաքելություն» կուսակցությունը մասնակցելով Երեւանի ավագանու ընտրություններին, նպատակ ունի օգտագործել իր ներուժը` ի նպաստ Երեւանի կայուն եւ համաչափ զարգացման:
Մեսրոպ Առաքելյանի խոսքով, իրենց ցուցակում քիչ թվով մարդիկ են, ու մարդկանց թիվն էական չէ, եւ անկախ քվեներից` «Առաքելությունը» ներկայացնում է խնդիրների լուծման եղանակները»:
Սուքիասյանն էլ նշեց, որ իրենց 28 հոգով մասնակցությունն էլ քիչ չէ, քանի որ իրենց կուսակցությունը նորաստեղծ է. «Մեր ցուցակի անդամները երիտասարդներ են, մինչեւ 29 տարեկան, մեծ թիվ են կազմում աղջիկները, գործազուրկներ չկան: Իսկ նորաստեղծ կուսակցոթյան համար այս չափանիշները կարեւոր են: Մենք առաջին անգամ փորձելու ենք մեր ծրագրերը ներկայացնել հանրությանը»:
Կարդացեք նաև
«Առաքելությունն» իր ծրագրում խոստանում է լուծել Երեւան քաղաքի տրանսպորտի հետ կապված խնդիրները, վերելակների վերանորոգման, կամ դրանք նորով փոխելու հարցերը, ինչպես նաեւ խոստանում են ընդլայնել Երեւանի մետրոպոլիտենը, նվազեցնել ուղեվարձը, զբաղվել գետնանցումների եւ մայթերի բարեկարգմամբ եւ այլն:
Ինչ վերաբերում է փողոցներում փակցված պաստառներին. Սուքիասյանը նշեց, որ դրանց մեծ մասը օրենքի խախտումով է, ու հիմնականում երկու կուսակցության պաստառներ են երեւում:
Կուսակցության ներկայացուցիչները նշեցին, որ «Առաքելությունն» իր քարոզչական ծրագրերը կներկայացնի առանց տարբեր տեղեր շտաբեր ունենալու:
Ինչ վերաբերում է ճնշումներին, ապա այդպիսիք եղել են, բայց ոչ շատ արտահայտված:
Առաքելյանի խոսքով` «Այս ընտրություններում կփորձենք ընդլայնել մեր ընտրազանգվածը, իսկ թե ինչ կանենք ընտրություններից հետ`դեռեւս ինչ որ բան ասել չենք կարող»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ