Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ՀԷԿ-ը կառուցվի, մեր բնությունը անապատ է դառնալու» (Տեսանյութ)

Ապրիլ 08,2013 12:02

Մարցի բնակիչներն ասում են, որ Մարցագետի վրա կառուցվող հերթական ՀԷԿ-ի շահագործման արդյունքում չեն կարողանա զբաղվել անասնապահությամբ ու հողագործությամբ

74-ամյա Ջհան Ոսկանյանը Լոռու մարզի Մարց գյուղի բնակիչ է։

Բնիկ մարցեցին հիշում է, որ իր ապրած 74 տարիների ընթացքում սիրով է ապրել աշխարհից կտրված մի բուռ հողի վրա, սիրով էլ մշակել ու, իր ասելով, Դեբեդ գետի վտակ Մարցագետի մոտ դրախտային այգի ստեղծել։

Վերջերս, սակայն, Մարցագետի վրա կառուցվելիք հերթական ՀԷԿ-ը մտահոգությունների տեղիք է տվել նրան։

«Եթե ՀԷԿ-ը կառուցվի, մեր էս բնությունը, մի մաքուր անկյուն է մնացել, անապատ է դառնալու: Սահարայի անապատ կդառնա։ Մարդ էլ հող մշակել չի կարողանա»,-Aravot.am-ի հետ հարցազրույցում ասում է 74-ամյա ծերունին՝ նկատելով, որ երրորդ ՀԷԿ-ի կառուցման արդյունքում առանց այդ էլ արտագաղթի մեծ ծավալներ ունեցող գյուղը իսպառ կդատարկվի։

IMG_8047 IMG_8003 IMG_8043

«Ի վերջո պետք է հասկանալ, թե մի գետի վրա քանի ՀԷԿ կարելի է կառուցել, այն դեպքում, երբ օրենքի անկատար լինելու պատճառով որեւէ գնահատական չկա այն մասին, թե նույն գետի վրա երրորդ ՀԷԿ կառուցելը 15-20 տարի անց ինչ ազդեցություն կունենա էկոհամակարգի վրա, երբ գետն իր ամբողջ հոսքով գրավված լինի խողովակների կողմից, եւ հոսի ոչ թե բնական ճանապարհով, այլ խողովակի միջով»,- մեզ հետ զրույցում իր մտահոգություններն է հայտնում նաեւ Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանը։

Նա ասում է, որ Մարցագետի վրա կառուցվելիք երրորդ ՀԷԿ-ն անդառնալի հետեւանքներ կունենա գետի եւ հարակից անտառի ողջ էկոհամակարգի վրա։

«ՀԷԿ-ի կառուցման միակ դրական ազդեցությունն այն է, որ մենք այլընտրանքային էներգիայի աղբյուր ենք ունենում, ինչն, ըստ էության, պատճառվող վնասների հետ համեմատած, շատ քիչ է։ Եթե մենք այդ տրամաբանությամբ շարժվենք, ապա Հայաստանում այսօր ոչ մի բնական հոսքով հոսող նորմալ գետ չենք ունենա: Մենք՝ որպես բնապահպան ակտիվիստներ, դեմ ենք, քանի որ ամեն ինչ չափավոր պետք է լինի, որովհետեւ բնությունից պետք է օգտվել այնքան, ինչքան նա ռեսուրս ունի վերականգնվելու: Վերացնելով գետի բնական հոսքը` կանգնում ենք էկոհամակարգի խախտման խնդրի առջեւ»- ասում է Լեւոն Գալստյանը։

Այդ մտահոգություններն էլ նրան ու մի խումբ քաղաքացիների բերել-հասցրել էր Լոռի, Մարց՝ կանգնելու մարցեցու կողքին։

«Այս քայլով ուզում ենք ցույց տալ, որ մարցեցիները մենակ չեն։ Ես գիտեմ, որ Հայաստանը արտահանում է էլեկտրաէներգիա, ինչը արտադրվում է ինչպես մյուս, այնպես էլ Մարցագետի վրա կառուցված ՀԷԿ-երում։ Ընդ որում արտահանվում է ավելի էժան գներով, քան վաճառվում է ՀՀ քաղաքացիներին, ինչը աբսուրդ է. ստացվում է՝ մենք մեր բնության, սոցիալական, տնտեսական վնասների հաշվին մեր հարեւան երկրներին վաճառում ենք ավելի էժան էլեկտրաէներգիա»,-ասում է քաղաքացի Հասմիկ Էվոյանը։

«Մենք դեմ ենք մեր գետի վրա կառուցվելիք այս ՀԷԿ-ին, որ այն կառուցեն, գետի ջուրը այնքան կցամաքի, որ էլ չենք կարողանա անասուն պահել, առանց ջրի կյանք կա՞։ Էդ անասունները հո ծարավ չեն մնալու։ Ոնց որ ժողովրդին մարդու տեղ չդնեն, դա անթույլատրելի բան է:Եթե իրոք մեր ժողովրդի մասին մտածում են, թող գնան սարի էն եսիմ որ խոր տեղերում ՀԷԿ կառուցեն»,- մեզ հետ զրույցում բողոքում է Մարցի մեկ այլ բնակիչ՝ Ալբերտ Վարդանյանը։

Բնակիչներն իրենց բողոքը արտահայտում են նաեւ գրավոր տարբերակով՝ ստորագրահավաք կազմակերպելով, եւ մոտ օրերս այն կներկայացնեն պատկան մարմիններին։

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930