Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաստաբանը նկատել է, թե դատավորն իր պաշտպանյալին ինչ «թուղթ» է տալիս

Ապրիլ 08,2013 11:44

2012թ. մայիսից Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատարանի դատավոր Արտուշա Գաբրիելյանի վարույթում է գտնվում Արթուր Աշոտի Հովհաննիսյանի վերաբերյալ քրեական գործը:

Արթուր Հովհաննիսյանին 2012թ. փետրվարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասով /առևտրային կաշառք տալ/ և 184-րդ հոդվածի 2-րդ մասով /գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով:

Առաջադրված երկու հոդվածներից և ոչ մեկով Արթուր Հովհաննիսյանը իրեն մեղավոր չի ճանաչել: Ա.Հովհաննիսյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիպարիտ Սիմոնյանի կարծիքով, գործի քննության ընթացքում դատավոր Ա.Գաբրելյանի կողմից թույլ են տրվել հիմնարար իրավունքի խախտումներ, որոնք իրեն հիմք են տվել եզրահանգելու, թե նա անուղղակի (չի բացառված անգամ, որ ուղղակի) շահագրգռված է այս գործով:

Ըստ պաշտպանի, մարտի 13-ին սույն գործով մեղադրող Ս.Մկրտչյանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091–րդ հոդվածի 2–րդ կետով որոշում է կայացրել առաջադրված մեղադրանքը փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու մասին: Նշված որոշման նկարագրական մասը Լիպարիտ Սիմոնյանի տեղեկացմամբ, վերաբերում է Արթուր Հովհաննիսյանին 2012թ.փետրվարին առաջադրված մեղադրանքի նկարագրությունը, այնուհետ՝ դատաքննության ընթացքում քննչի կողմից լրացուցիչ դատատնտեսագիտական փորձաքննություն նշանակելու որոշմամբ և թիվ 07801309 եզրակացությամբ պարզված հանգամանքներին: Ի դեպ, առաջադրված մեղադրանքը փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու մասին որոշման մեջ էլ մեղադրողը նշել է. «Ուստի անհրաժեշտություն է առաջացել Ա.Հովհաննիսյանին նախկինում առաջադրված մեղադրանքը փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու», իսկ «որոշեցի» մասում էլ նշել է. «Արթուր Հովհաննիսյանին նախկինում առաջադրված մեղադրանքը փոփոխել և նրան նոր մեղադրանք առաջադրել ծիրանի այգիների ոռոգման նպատակով ապօրինի ջրօգտագործում կատարելու հետևանքով «Երևան ջուր» ՓԲԸ-ին 8 965 790 ՀՀ դրամի վնաս պատճառելու համար»:

Մեր զրույցի ժամանակ Լիպարիտ Սիմոնյանն այս կապակցությամբ հայտնեց. «Նշված որոշման մեջ բացակայում են այն տվյալները, թե Արթուր Հովհաննիսյանին քրեական օրենսգրքի կոնկրետ ո՞ր հոդվածներով պետք է մեղադրանք առաջադրվի: Այլ փաստաթուղթ, այդ թվում որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում, մեղադրողի կողմից այդ օրը` մարտի 18-ին չի հրապարակվել և դատարան չի ներկայացվել»:

Առաջադրված մեղադրանքը փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու մասին որոշումը հրապարակվելուց և այն դատավարության կողմերին հանձնելուց հետո, պաշտպանի կողմից դատարան է ներկայացվել, ապա հրապարակվել է դատատեխնիկական փորձաքննության եզրակացույթունը, որը կողմերին հանձնելուց և հետազոտելուց հետո կցվել է քրեական գործին, իսկ դատարանը հայտարարել է դատաքննության ավարտը և անցել դատական վիճաբանությունների ունկնդրմանը: Մեղադրողի կողմից միջնորդություն է ներկայացվել դատական վիճաբանություններին պատրաստվելու համար ժամանակ տրամադրել, ինչը բավարարվել է և նիստը նշանակվել մարտի 29-ին:

Լ.Սիմոնյանի պաշտպանական ճառը կառուցված էր այն սկզբունքի հիման վրա, որ Արթուր Հովհաննիսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ նշված օրվա դրությամբ:

Երբ մարտի 29-ի նիստի ժամանակ մեղադրողը ցանկացել է ներկայացնել ճառը, բոլորից աննկատ դատավոր Ա.Գաբրիելյանը փորձել է Արթուր Հովհաննիսյանին փոխանցել մի թուղթ: Այն նկատել է պաշտպանը. «որպես մեղադրյալ ներգրավելու մասին» որոշումն է եղել: «Այդ տեսնելով և հասկանալով , որ դատավոր Ա.Գաբրիելյանը ուղղակի ցանկանում է մի որոշում հրամցնել պաշտպանական կողմից, ինչը մարտի 18-ի դատական նիստի ժամանակ մեղադրողը դատարան չէր ներկայացրել, չէր հրապարակվել և դատարանին չէր տրամադրել, ես առարկեցի» ասում է Լ.Սիմոնյանը:

Դատարանն անգամ Արթուր Հովհաննիսյանին չի հարցրել, արդյոք նա նոր առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչո՞ւմ է, թե՞ ոչ:

Նշված խախտումները Լ.Սիմոնյանը ներկայացրել է արդարադատության խորհրդին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930