Յուրացման մեղադրանքով քրեական գործ է հարուցվել Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Գետահովիտ գյուղում գրանցված «Բայրամյան» սոցիալական, բարեգործական ՀԿ տնօրեն Արսեն Բայրամյանի նկատմամբ: Իրավապահ մարմիններից ստացված տեղեկություններով` նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է պաշտոնական դիրքն օգտագործելով»):
Քրեական գործը հարուցվել է «Բայրամյան» սոցիալական, բարեգործական ՀԿ-ի կողմից «Վորլդ վիժն» կազմակերպությունից ստացած գույքի տնօրինման կապակցությամբ:
Ոստիկանության Տավուշի քննչական բաժնում կատարվում է նախաքննություն: Արսեն Բայրամյանն «Առավոտի» թղթակցին ասաց, որ ինքը մեղավոր չէ, թյուրիմացություն է տեղի ունեցել: Բայրամյանը հայտնեց, որ իր շահերը պաշտպանելու համար փաստաբան է ներգրավել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ