Լրահոս
Օրվա լրահոսը

«Երիտասարդականի» գրավաճառները վիրտուալ կգործեն

Ապրիլ 08,2013 11:15

Մետրոյի գետնանցումից տեղահանվածները բացել են  վիրտուալ տոնավաճառ

Մետրոյի «Երիտասարդական» կայարանի գետնանցումում տեղավորված գրավաճառները վերջերս տեղահանվեցին, եւ այժմ շիրանարարական աշխատանքներ են ընթանում: Ըստ մամուլի հրապարակումների, այդ հսկա տարածքը տրվել է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին: Գրավաճառներին առաջարկվել է այլ տարածք ` Մաշտոցի պուրակի կամ էլ այսպես կոչված` «Ձկան խանութի» հարևանությամբ գործող գետնանցումում, որը սակայն, նրանց սրտով չէր:

Գրավաճառների խնդրի վերաբերյալ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին «բաց» նամակ  էր հղել «Արատտա» ուսանողական շարժումը: «Արատտան» «բաց» նամակում փաստում էր, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Գրքի համաշխարհային մայրաքաղաք հայտարարված Երեւանում քիչ են գրախանութները, իսկ գրքի տոնավաճառներն իսպառ բացակայում են: Նաեւ մտահոգություն էր հայտնում, որ Երևանի քաղաքապետարանը գրավաճառներին առաջարկել է երկու վայր, որտեղ հնարավոր չէ գիրք վաճառել, քանի դրանք փոքր են, կեղտոտ եւ հեռու` բուհերից:
«Մենք՝ որպես գրքասեր և ընթերցանության ջատագով ուսանողներ, պահանջում ենք.
• Բացել տոնավաճառ ուսանողներին հարմար վայրում, ինչպիսին կարող է լինել Նալբանդյան փողոցի սկզբում գտնվող ընդարձակ տարածությունը:
• Մինչև տոնավաճառի բացումը գրավաճառներին արագ տրամադրել ժամանակավոր տարածք հետևյալ վայրերից մեկում` Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախասրահներից մեկում, Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի գետնանցումի փակ տարածքում, Մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարևանությամբ գործող սրճարանների տարածքում (սրճարանի տերերը համաձայն են աջակցել քաղաքապետարանի թույլտվության առկայության դեպքում):
• Վերահսկողություն իրականացնել գրավաճառներից գանձվող տարածքի վարձի և հարկերի վրա, որպեսզի ապահովվի գրքերի ցածր գինը»,-ասվում էր երիտասարարդների «բաց» նամակում:

Ու քանի դեռ «Երիտասարդական» մետրոյի գետնանցումի գրավաճառների հարցը առկախ է, նրանք որոշել են վիրտուալ տոնավաճառ բացել: Գրքի վիրտուալ տոնավաճառի կայքում կարդում ենք, որ այնտեղ տեղ է գտել գեղարվեստական և ուսումնական գրականության համակարգված ընտրանին: «Գնելով Ձեզ անհրաժեշտ գիրքը՝ Դուք գրավաճառներին տալիս եք գրքերն իրացնելու այլընտրանքային հնարավորություն՝ նպաստելով Երևանի համար ավանդույթ դարձած տոնավաճառի պահպանմանը նոր ձևաչափով»,-ասում են վիրտուալ տոնավաճառի կազմակերպիչները:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930