Դեռ այդ սկզբունքային խաղի նախօրեին Հայաստանի ազգային հավաքականի եւ «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դաշտի տերերին եւ նրանց երկրպագուներին խորհուրդ էր տվել առանձնակի հույսեր չփայփայել՝ խոստանալով, որ իրենք խաղալու են միայն հաղթանակի եւ «Շախտյորի» երկրպագուներին ուրախացնելու համար: Եվ ֆուտբոլիստը կատարեց խոստումը՝ դառնալով հանդիպման հերոսը: Նախ, հանդիպման 44-րդ րոպեին, երբ «Շախտյորը» պարտվում էր 0:1 հաշվով, Մխիթարյանի ուժեղ հարվածից հետո գնդակը հայտնվեց դինամոյականների դարպասում: Սակայն այն գրանցեցին կիեւցիներից Դանիլո Սիլվայի անվան դիմաց որպես ինքնագոլ, իսկ 75-րդին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խփեց իր գոլը՝ կամային հաղթանակ պարգեւելով «Շախտյորին»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ