Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու քաղաքապետարանի թույլտվությամբ ոչնչացրել են մոտ 50- 60 տարվա բարդին

Ապրիլ 07,2013 22:38

SAM_3 SAM_1Շիրակի մարզպետարանի անմիջական հարևանությամբ`  «Կիլիկիա» բիստրոյի դիմաց, տվյալ օբյեկտի տերը այսօր ծառահատել ու վայր էր գցել 50-60 տարվա բարդին` մասնակիորեն փակելով  կենտրոնական փողոցը ու  դժվարանցանելի դարձնելով երթևեկությունը: Եվ մինչև բնապահպանական  «Բիոսոֆիա» հ/կ-ի նախագահ Գևորգ Պետրոսյանը կահազանգեր մարզի բնապահպանական պետական տեսչությանը, հայտնի դարձավ, որ բարդին ծառահատել են օրինական` Գյումրու քաղաքապետարանի թույլտվությամբ:

Գևորգ Պետրոսյանը մեզ պատմեց, որ այդ շենքի բնակիչները դեռևս նախորդ քաղաքապետին` Վարդան  Ղուկասյանին  նամակ էին հղել` խնդրելով  էտել ծառը, քանի որ ծառի ճյուղերը շատ բարձր են, տերևները լցվում են կտուրները, այնուհետ  փակում են ջրհորդանները: Բարդու արմատներն էլ իրենց հերթին անհարմարություններ են ստեղծում  շենքի հիմքում: «Ես այսօր հանդիպեցի «Կիլիկիա» բիստրոյի տիրոջ հետ, ով ինձ ցույց տվեց քաղաքապետարանի թույլտվությունը: Նա պատճառաբանեց, որ բարդին անհարմարություններ էր ստեղծում, դրա համար է  ծառահատել, նաև  ասաց, որ  պատրաստ է  բարդու փոխարեն  ցանկացած այլ  ծառ  տնկել, նույնիսկ շատ թանկարժեք, միայն  թող ասեն ինչ ծառ է անհրաժեշտ:

Օբյեկտի տերը ծառահատումն իրականացրել է  իր անձնական միջոցներով: Հասկանալի է,  որ քաղաքապետարանը թույլ է տվել, սակայն նրանք սկսել են  աշխատել նույն մեթոդներով, ինչ նախորդները:  Նախ այդ ծառը միանշանակ պետք էր էտել, եթե այդպես լինի Գյումրիում  էտման ենթակա ցանկացած  ծառ  պետք է կտրեն: Եթե քաղաքապետարանը ծառահատման թույլտվություն էր  տվել, ապա պետք է բարի լիներ տեղյակ պահել ոստիկանությանը: Իսկ  տվյալ դեպքում ոստիկանությունը, տեսնելով, որ պարալիզացվում է փողոցի  երթևեկությունը, եկել և հետաքրքվել է,  թե ինչ  է կատարվում:

Մյուս կարևոր քայլը, որ պիտի անեին հետևյալն է. քանի որ  համայնքապատկան  տարածք  է, պետք է  իրենք նախաձեռնեին ծառահատումը, տանեին պահեստավորեին փայտը, որպեսզի վաղը մյուս օր կարողանային  վառելիք չունեցող, սոցիալապես անապահովներին տրամադրել: Փաստորեն դա էլ չեն  արել:

3-րդ կարևոր հանգամանքն այն է, որ ծառահատման թույլտվություն տալու դեպքում ցանկալի է հարցը դնել քննարկման, վերջիվերջո կենսամիջավայր  է փոխվում, միգուցե շենքի բնակիչների մեծ մասը իրենց ստորագրությամբ  չէին համաձայնի ծառահատման: Այսինքն քաղաքապետարանը  մինիմում օրինական քայլերը չի պահպանել: Չեմ ասում մեծ հանցագործություն են արել, բայց օրենք պահպանելու,  հասարակական կարծիքի հետ  հաշվի նստելու հարցում առաջընթաց  չունենք, դա փաստ է»,- Aravot.am –ին իր մտահոգությունները փոխանցեց «Բիոսոֆիա»  հ-/կ նախագահ Գևորգ Պետրոսյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները՝ Արսեն Վարդանյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930