Ինչպես տեղեկացրել ենք, այսօր առավոտյան ժամը 9.00-ին մի քանի գյումրեցիներ ոտքով ուղևորվեցին դեպի մայրաքաղաք` Ազատության հրապարակ, որպեսզի ապրիլի 9-ին մասնակցեն իրենց ընտրած նախագահի` Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալման արարողությանը: Հենց նոր քայլերթի մասնակիցները Aravot.am-ին տեղեկացրեցին, որ իրենք հասել են Թալինի շրջանի Աշնակ գյուղի գազալցակայան, որի մոտակայքում էլ կգիշերեն: Նրանց ճանապարհին միացել են հարյուրավոր գյուղացիներ, սակայն շատերը գյուղատնտեսական գործերը կիսատ չթողնելու պատճառաբանությամբ հետ են վերադարձել իրենց տները` պատրաստակամություն հայտնելով անպայման մասնակցել «Ժառանգության» առաջնորդի ինաոգուրացիային:
Քայլերթի մասնակիցներից մեկը մեզ պատմեց, որ Արթիկի թաղայինը`Հայկ Չիչակյանը, իրենցից մեկի`Արթուրի քթից է բերել, րոպեն մեկ զանգահարել է բջջային հեռախոսին ու հորդորել հետ դառնալ, այլապես ասել է, թե Արթիկի ոստիկանապետը նկատողություն կանի իրեն ու կընկնի հետևից:
Քայլերթի մասնակից Արթուրը Արթիկի տարածաշրջանի գյուղերից է: Ըստ մեր զրուցակիցների, թաղային ոստիկանը այնքան է «զզվեցրել» քայլերթի մասնակցին, որ հեռախոսը ստիպված վերցրել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ու թաղայինին հարցրել` ի՞նչ սխալ բան է արել Արթուրը, օրե՞նք է խախտել, ինչո՞ւ հանգիստ չեն թողնում քայլել: Մեր զրուցակիցների տեղեկացմամբ, Արմեն Մարտիրոսյանի պատասխանից հետո նոր միայն արթիկցի ոստիկանը դադարեցրել է իր հեռախոսային «հետապնդումները»:
Երթի մասնակիցները մեզ տեղեկացրեցին, որ իրենք կգիշերեն վրանում կամ էլ մեքենաների մեջ:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ