«Մենք մունետիկներ չենք ուղարկելու Երևանի բակերը, որպեսզի երևանցուն պատրաստեն ինչ-որ մի անձի գալուն»,- այսօր «Մոսկվա» կինոթատրոնում Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկին հայտարարեց ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` հավելելով, որ ԲՀԿ-ն այսօրվանից սկսում է քարոզարշավը, բայց դա չի նշանակում, որ այսօրվանից են իրենք շփվելու ժողովրդի հետ:
«Եթե շատ քաղաքական կուսակցությունների համար միայն քարոզարշավի ժամանակ է սկսվում շփումը հասարակության հետ, մենք ամեն օր ենք կապի մեջ ժողովրդի հետ»,- ասաց տիկին Զոհրաբյանը: Հավանաբար դիմելով բոլոր նրանց, ովքեր նման գործելաոճով են աչքի ընկնում, տիկին Զոհրաբյանը նշեց. «Աշխատեիք այնպես, որ չվախենայիք գնալ ժողովրդի հետ հանդիպման: Իսկ մենք բաց ճակատով ենք գնալու հանդիպման յուրաքանչյուր երևանցու հետ»:
Տիկին Զոհրաբյանը ի հեճուկս իշխող կուսակցության ներկայացուցիչների պարբերաբար հնչեցրած հայտարարությունների, փաստեց, որ այս ընտրությունները ԲՀԿ-ի համար միայն ՏԻՄ ընտրություն չեն, այս ընտրության քաղաքական արժեքը շատ մեծ է, քանի որ փոփոխությունները սկսելով Երևանից, «Բարգավաճ Հայաստանը» շարունակելու է ամբողջ հանրապետությունում. «Մենք գնում ենք հաղթելու և ունենք այն թիմն ու ծրագիրը, որ ունակ է երևանցուն, քաղաքացուն տալ այն ամենը, ինչի մասին երազում է ու ինչին արժանի է: Մենք չենք ասում, որ Երևանը բրոնյա ենք արել, իսկ բացի այդ` Երևանը Ստալինգրադը չէ, որ կրծքով պաշտպանեն… Փոխարենը պետք է աշխատեին այնպես, որ դուրս գային փողոց ու բաց ճակատով նայեին քաղաքացուն»:
Նաիրա Զոհրաբյանը չի կասկածում, որ ԲՀԿ-ն հաղթելու է: Ի դեպ, նրա այս հայտարարություները ուղեկցվում էին բուռն ծափահարություններով եւ դահլիճում մեծ ոգեւորություն էին առաջացնում:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ