Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ուրիխանյան. «Սա միայն քաղաքային ընտրություն չէ, այլ սկիզբ է հավասարակշիռ քաղաքականության»

Ապրիլ 07,2013 17:45

Քիչ առաջ «Մոսկվա» կինոթատրոնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը տվեց Երեւանի ավագանու ընտրությունների հանդիսավոր մեկնարկը: Հանդիպմանը ներկա է ԲՀԿ կուսակցական ակտիվը: «Սա միայն քաղաքային ընտրություն չէ, այլ սկիզբ է հավասարակշիռ քաղաքականության: Այո, մենք գնում ենք  փոփոխությունների ու սկսելու ենք Երևանից»,-բացելով հանդիպումը  հայտարարեց ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը` փաստելով, որ եկել է ժամանակը հաստատելու իրենց համոզմունքն ու ցանկությունը, քայլեր իրականացնելու դեպի նոր փոփոխություն, որը բոլորի համար հասկանալի է, անգամ նրանց, ովքեր «ձև են անում, թե չեն հասկանում»:

Իսկ  կուսակցության ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանն իր ելույթում նկատեց. «Մայիսի 5-ին գնում ենք ավագանու ընտրությունների, գնում ենք հաղթելու վճռականությամբ ու համոզված եմ, որ հաղթելու ենք»,- իր ելույթը սկսեց նա:

Նաև հնչեցրեց այն, ինչի մասին բազմիցս facebook-յան իր էջում գրել է. «Երևանի ավագանու ընտրությունները շատ կարևոր ընտրություններ են, ու թեև իր բնույթով քաղաքի են, բայց էությամբ հանրապետական ընտրություններ են: Երևանը պետություն է պետության մեջ և ես կուզենայի, որ բոլորը այս ընտրություններին վերաբերվեին և որպես քաղաքական, և որպես քաղաքային»:
Ըստ Օսկանյանի, մինչև մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում մի շարք կարևոր քաղաքական իրադարձություններ են տեղի ունենալու. ընդամենը երկու օրից լինելու է նախագահի երդմնակալության արարողությունը, որից մեկ շաբաթ անց նշանակվելու է նոր վարչապետ ու նոր կառավարություն, դեռևս չմարող ժողովրդական բողոքի ալիքը ու այս ամենը չի կարող չանդրադառնալ Երևանի ավագանու ընտրությունների վրա. «Այս իրադարձություններից յուրաքանչյուրի զարգացումները միանշանակորեն ազդելու են ընտրությունների ընթացքի վրա: Նայեք` երկու օրից նախագահը կերդվի, սակայն ժողովրդի կասկածը չի փարատվի և ինչ-որ ստվեր կլինի նախագահության վրա: Բացի այս, կապված թե ով կլինի վարչապետը, դրանից կերևա` լսե՟լ են արդյոք իշխանությունները ժողովրդի ձայնը և արդյո՟ք պատրաստ են գնալ փոփոխությունների: Այսքանից հետո, եթե լինեն մարդիկ, որ կասեն թե սրանք քաղաքական ընտրություններ չեն` կամ նրանք դա իսկապես չեն տեսնում, կամ միտումնավոր են ժողովրդին թյուրիմացության մեջ գցում»:

Վարդան Օսկանյանն այս ամենում նաեւ ուրախալի միտում է տեսնում.
«Ես շատ ուրախ եմ, որ վերջերս շատ կուսակցություններ` ոչ իշխանական, խոսում են այն մասին, որ մի կուսակցություն ունի մենաշնորհ բոլոր ոլորտներում և այդ միահեծան կուսակցությունը պետության ու հասարակության պատուհասն է դարձել: Նրանք են ամենախելոքները, նրանք կարող են ճիշտ կառավարել ժողովրդին, իսկ մենք ուզում ենք պաշտոն վերցնենք` սա է ներկա մթնոլորտը»:

Վարդան Օսկանյանը նաեւ ավելացրեց, որ պետական կառույցները, որոնք պետք է ծառայեն ժողովրդին, իրականում ծառայում են իշխանությունների վերարտադրմանը. «Ժողովուրդն այլևս չի ուզում այսպես ապրել, փոփոխություն է ուզում: Այսօր Հայաստանը գտնվում է ջրբաժանում` այս ճահճից դուրս գալ-չգալ և այլ նման հարցերի առջև: Եկել է պատասխանատվություն վերցնելու պահը և այստեղ ԲՀԿ-ն իսկապես մեծ պատասխանատվություն ունի»: Ի հավելումն իր ասածի Օսկանյանը նաեւ թվարկեց այն բոլոր միջոցները` կազմակերպչական, ռեսուրսային և այլն, որոնք այլընտրանք են իշխող կուսակցությանը:
«Չեմ ցանկանում, որ ԲՀԿ-ի ընտրություններին մասնակցությունը դիտարկվի իբրև միայն ու միայն ինչ-որ քաղաքական խնդիրներ լուծելու ցանկություն: Դա այդպես կլիներ, եթե Երևանը բազմաթիվ խնդիրներ չունենար»: Հիմնական ներուժը, որի վրա հենվելու է ԲՀԿ-ն, ժողովուրդն է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. Հավաքի ժամանակ ցուցադրվեցին նաեւ ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի քարոզչական հոլովակները

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930