Մայրության և գեղեցկության տոնի առիթով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է մայրաքաղաքում բնակվող 100-ամյա երկու կանանց և անձամբ շնորհավորել տոնի կապակցությամբ:
Սիրվարդ Ատաջյանի համար Տոնը կրկնակի էր, ով այսօր նշում էր նաև իր 101-րդ տարեդարձը: Քաղաքապետի այցն իրոք հաճելի անակնկալ էր Սիրվարդ տատի համար: Շնորհավորելով թե տոնի և թե ծննդյան տարեդարձի կապակցությամբ՝ Տարոն Մարգարյանը քաջառողջություն և անհոգ օրեր է մաղթել արդեն 101-ամյա տատիկին:
Սիրվարդ տատն էլ, իր հերթին, շնորհակալություն հայտնելով ուշադրության համար, նաև իր անկեղծ գոհունակությունն է հայտնել քաղաքապետին՝ Երևանն օր օրի ավելի բարեկարգ, ծաղկառատ ու գրավիչ դարձնելու համար. «Հեռուստացույցով անընդհատ հետևում և տեսնում եմ, թե մեր Երևանն այսօր որքան է գեղեցկացել: Նաև գիտեմ, որ դա հենց քո շնորքն է տղաս: Ու երևի այս ուրախությունից մի հինգ տարի էլ ավել ապրեմ»,- նշել է Սիրվարդ Ատաջյանը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի այցը հաճելի անակնկալ էր նաև 100-ամյա Արևալույս Ամալյանի համար:
Կարդացեք նաև
Շնորհավորելով Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը Արևալույս տատին մաղթել է քաջառողջություն և ընդգծել, որ հայ օջախի համար իսկապես հարստություն է տանը մեծ ունենալը:
Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին՝ ցուցաբերած ուշադրության ու ջերմ խոսքերի համար, Արևալույս Ամալյանն էլ մաղթել է, որ բոլորը ապրեն երկար ու, որ կարևոր է, ապրեն անհոգ ու երջանիկ:
Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ մայրաքաղաքում բնակվող 100 և ավելի տարեկան 15 կանանց ևս Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից փոխանցվել են նվերներ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն