Դոնեցկի «Շախտյորի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը այսօր Կիեւում կայանալիք հանդիպումից առաջ մրցակից թիմի ֆուտբոլիստներին ու երկրպագուներին խորհուրդ է տվել հույսեր չփայփայել:
«Ինչպես «Դինամոյի» հետ ցանկացած հանդիպում, այս մեկն էլ սկզբունքային եւ անզիջում է լինելու: Մեզ համար շատ կարեւոր է շարունակել հաղթանակների շարքը եւ դրա համար խաղալու ենք Դոնեցկի ու մեր երկրպագուների համար», – հանքափորների ակումբի կայքէջում գրել է նա:
Մխիթարյանի խոսքերով, «Դինամոյի» ֆուտբոլիստներին ու երկրպագուներին չարժե հուսալ, թե մրցաշարային մրցավազքում մեծ առավելությունը կարող է որեւէ կերպ ազդել «Շախտյորի» մոտիվացիայի վրա: «Չնայած 16 միավորի առավելությանը «Դինամոյից», մենք Կիեւում խաղալու ենք ոչ միայն հաճույքի, այլեւ հաղթելու համար», – զգուշացրել է Ուկրաինայի եւ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ